17:53 , 4 նոյեմբեր, 2022Կանադայի «բալելշիկը»
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական Պապոյան Գևորը մի վիճելի միտք է արտահայտել՝ հայտարարելով, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, և հենց այդ պատճառով է, որ Կանադան 2023-ին Հայաստանում պատրաստվում է դեսպանատուն բացել: «Կանադան դեսպանություն բացում է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ տարածաշրջանում և աշխարհում Հայաստանն ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, դա արտահայտված է նաև միջազգային ինդեքսներով, խոսքի բացարձակ ազատությամբ: Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է այսօր»,- սեփական թիմի փիառն է փորձել անել Պապոյան Գևորը՝ իրավիճակը խեղաթյուրելով:
Նախ սկսենք նրանից, որ Հայաստանը ոչ թե աշխարհի ամենաժողովրդավար երկրներից է, այլ՝ ամենաանազատներից. բացառապես մի հոգու քմահաճույքների լծի տակ հայտնված որևիցե երկիր չի կարող համարվել ժողովրդավարական՝ անկախ այն բանից, թե այս կամ այն միջազգային կառույցը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, ինչ գնահատականներ է շռայլում կամ ինչ ցուցակներ է կազմում: Ընդ որում՝ այն, որ Հայաստանը բնավ ժողովրդավարական երկիր չէ, շատ լավ գիտեն նաև Արևմուտքում, բայց քանի որ նման կտերով Նիկոլին կերակրել, նրա իշխանությունն երկարաձգել դեռ ստացվում է, շարունակում են «ականջ շոյել»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Կանադայի կողմից այստեղ դեսպանատուն բացելուն, ապա այստեղ նույնպես ամեն բան հստակ է. խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելն է, այլ մեր երկիրը հակառուսականության,իսկ եթե ստացվի նաև հակաիրանական որջ դարձնելը. ուզում են մեզ էլ արժանացնեն Ուկրաինայի անփառունակ ճակատագրին, ուստի դրա համար անհրաժեշտ է «լրտեսատուն» ունենալ, որ հնարավորինս արդյունավետորեն լուծվեն Հայաստանի հարցերը:
Կանադայի դեսպանատան բացումը, իհարկե, տոն է դառնալու ՔՊ-ականների համար, քանի որ նրանց գերակշիռ մեծամասնությունը հենց արևմտյան հատուկ ծառայություններին ղազագրեր տալով է, որ կարողացել է ճեղքել կյանքի հատակն ու միանգամից փողկապավոր դառնալ: