Հայաստանը պետք է խզեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և պահանջեր միջազգային հետաքննություն. Մանուչարյան


15:36 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախապատրաստած քայլերն անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` նկատելով, որ մենք դատում ենք միայն հայտարարվածից ելնելով, մինչդեռ այն իրականության հետ կապ չունի: «Արդեն չորրորդ դեպքն է, որ ԱՄՆ-ն առանց որևէ հիմնավորման մտնում է երկրներ և հիմնովին ավերում դրանք: Հարց է առաջանում` ԱՄՆ-ի` Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Սիրիա մտնելը բխո՞ւմ է արդյոք նրա ժողովրդի շահերից»,- ասաց նա` նկատելով, որ ստեղծված իրավիճակում բախվում ենք ևս մեկ ցավոտ հարցի, և ըստ նրա՝ Հայաստանի խայտառակ կախվածության, չգոյության վիճակը երևում է հենց այստեղ: Մանուչարյանի համոզմամբ` այս վիճակում Հայաստանը, եթե ունենար արժանապատվություն և մի գրամ պատասխանատվություն իր ժողովրդի հանդեպ, պարտավոր էր ամենակարծր ձևով պաշտպանել սիրիահայերին: 

«Հայաստանը պետք է խզեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, պահանջեր միջազգային հետաքննություն: Այս ենթատեքստում ինձ առանձնապես չի հետաքրքրում` ինչերի կարող է դիմել Ադրբեջանը, ինձ շատ ավելի հետաքրքրում է` ինչ կարող էր անել Հայաստանը»,- ասաց նա: Մանուչարյանը Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների մեկ ելք է տեսնում` ռեգիոնալ ապաշրջափակումն ու փախստականներին իրենց տները վերադարձնելը: Բանախոսի համոզմամբ` այս իրավիճակում Ադրբեջանն ունի այլ՝ շատ ավելի խորը մտահոգություններ, քան Հայաստանը, ուստի անհնար է այս իրավիճակի օգտագործումն Ադրբեջանի կողմից: 

Օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել՝ ԱՄՆ-ը Սիրիայի վարչակարգի դեմ ռազմական ուժ պիտի կիրառի: Ամերիկան չի իրականացնելու անժամկետ ներխուժում, նրա գործողությունները կունենան ժամանակի ու ծավալների մեջ սահմանափակումներ: Բրիտանական լրատվամիջոցների` նախապես տարածած տեղեկություններով` Արևմուտքը Սիրիայի դեմ կայծակնային հարված է պատրաստում, որի մեկնարկից հետո` 48 ժամվա ընթացքում Սիրիայի վրա 100-ից ավելի հրթիռներ են նետվելու: 

Սիրիայում 2011-ի մարտից ընթացող կոնֆլիկտը, ՄԱԿ-ի տվյալներով, 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր: Սիրիայում տեղաշարժի հնարավորությունից զրկված են, այնտեղ եղած տնտեսական պաշարներն աստիճանաբար սպառվում են: