Լոնդոնի քաղաքապետը Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել միանալ Սիրիային հարված հասցնելուն


13:52 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հոդված է գրել, որում Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ է արել Համայնքների պալատի քննարկմանը կրկին ներկայացնել Սիրիա ռազմական ներխուժման հարցը, իսկ խորհրդարանականներին՝ այս անգամ քվեարկել Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություն սկսելու օգտին: 

Քաղաքապետը հոդված է գրել The Telegraph-ի համար, որում, քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունը դրել է Բաշար Ալ-Ասադի կառավարության վրա: Նա նշել է, որ զանգվածային ոչնչացման համար գազի կիրառումը հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա:

Ջոնսոնը կարծում է, որ բրիտանական կառավարությունը ևս մեկ անգամ Համայնքների պալատի քննարկմանը պետք է հանձնի Սիրիա ռազմական ներխուժման հարցը:

«Այժմ ՄԱԿ-ը ժամանակ կունենա՝ ապացույցներ ներկայացնելու համար: Եվ եթե Ասադի մեղավորության նոր վկայություններ հայտնվեն, պատճառ չեմ տեսնում, թե կառավարությունն ինչու չի կարող խորհրդարանի քննարկմանը կրկին ներկայացնել մասնակցության մասին հարցը»,- գրել է նա:

Ջոնսոնը հավատացած է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելը և այս խնդիրը փոխանցել է Կոնգրեսի քննարկմանն այն բանի համար, որ Մեծ Բրիտանիային հնարավորություն ընձեռի կողմ քվեարկել արաբական հանրապետություն ներխուժելու հարցին: