12:41 , 2 սեպտեմբեր, 2013
14 տարի առաջ միջազգային իրավունքը մահացավ: 2014-ի մարտի 24-ին կլրանա Հարավսլավիայի ռմբակոծությունների 15-ամյակը: Այս ողբերգությունը մինչ օրս էլ ըստ արժանավույնս գնահատված չէ, իսկ այսօրվա աշխարհաքաղաքական քաոսը պայմանավորված է մեծապես հենց այդ ոճիրով:
Բանն այն է, որ հենց 1999 թվին ԱՄՆ-ը վերջնականապես ամրագրեց համաշխարհային հեգեմոնի իր կարգավիճակը ու վարվեց ՄԱԿ-ի հետ այնպես, ինչպես Ազգերի լիգայի հետ էր վարվում Նացիստական Գերմանիան՝ մինչև աշխարհամարտը:
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ եղավ նախադեպ, երբ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, որը միակ լեգիտիմ մարմինն է՝ այս կամ այն երկրի նկատմամբ ռազմական գործողություններ կիրառելն արտոնելու համար, անգամ առանց Կոնգրեսի հաստատման, սկսեց սուվերեն Հարավսլավիայի ռմբահարումները, որոնք ի վերջո հանգեցրին սկզբում՝ Կոսովայի անջատմանը, իսկ հետո նաև Հարավսլավիայի վերջնական փլուզմանը:
Սա առաջին դեպքն էր, երբ ցինիզմի ու երկակի չափանիշների աննախադեպ դրսևորում ցուցադրվեց. հայտարարեցին, որ սերբերը Կոսովոյում ցեղասպանություն են իրականացնում (բերված փաստերը հետագայում հերքվեցին անկախ փորձագիտական խմբի կատարած հետաքննության արդյունքում), և ՆԱՏՈ-ն՝ փոխելով իր կանոնադրությունը, որով մինչ այդ դաշինքը չէր կարող գործողություններ ծավալել անդամ երկրների տարածքներից դուրս և ոչ մի որոշում չէր կարող առանց կոնսեսուսի ընդունվել (սրանով նեյտրալացրին Հունաստանի գործոնը), լայնամասշտաբ օդային պատերազմ սկսեց, որին զոհ գնաց մոտ տասը հազար մարդ՝ հիմնականում խաղաղ բնակչություն, իսկ երկիրը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ որպես այդպիսին:
Ասում են, թե պատմյությունը կրկնվելու հատկություն ունի: Ասում են նաև, որ աստված չանի ծնվել փոփոխությունների դարաշրջանում: Ի դժբախտություն մեզ` մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն ինչ աղավաղվել է, ու պատմությունը սկսել է կրկնվել աբսուրդի տեսքով: Այսօր ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը հիշեցնում է միևնույն ժամանակ և Բրիտանական կայսրության վարած քաղաքականությանը՝ Առաջին աշխարհամարատի նախաշեմին, և Նացիստական Գերմանիայի քաղաքականությանը՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, բայց այս երկուսը երբեք համաշխարհային հեգեմոն չեն եղել, ուստի այսօրվա նեոֆաշիստական գերտերություն ԱՄՆ-ի գործողությունների հետևանքները իրոք աննախադեպ ու անկանխատեսելի կարող են լինել: