Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց անկախ հանրապետություն


11:09 , 2 սեպտեմբեր, 2013

Օգտվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման իրավունքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց անկախ հանրապետություն։ 22 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը չընկրկեց ո՛չ դաժան պատերազմի, ո՛չ աղքատության ու տնտեսական երկարատև ճգնաժամի, ո՛չ էլ հակառակորդի՝ շարունակաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների ու զինադադարի խախտումների դեմ։  Արցախն իրոք վերականգնվում ու զարգանում է, նույնիսկ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ այս տարի Արցախում մեծացել է առաջին դասարանցիների թիվը, ինչը խոսում է ժողովրդագրական աճի մասին։ Կարծում եմ` նման միտումներն այլընտրանք չունեն, ԼՂՀ-ն այսօր սեփական կայացած ենթակառուցվածքներով պետություն է, որի ժողովուրդը արյան գնով կատարել է իր ընտրությունն ու ցանկանում է ապրել խաղաղության մեջ։
Շնորհավորում եմ բոլորիս ԼՂՀ անկախության տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնում, որ ԼՂՀ հիմնախնդրի արդարացի ու խաղաղ լուծումը մեր և միջազգային հանրության ջանքերով մոտ ապագայում իրականություն կդառնա։