Զելենսկուն օգնելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն վերածվում են միջուկային ահաբեկչության հովանավորների․ Վոլոդին


11:26 , 24 հոկտեմբեր, 2022

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու պատճառով ԱՄՆ-ին և Եվրամիությանը մեղադրել է միջուկային ահաբեկչությանը հովանավորելու համար։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

Վոլոդինի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները մտադիր են «կեղտոտ» ատոմային ռումբ ստեղծել։ Նա կրկին համեմատել է Կիևի իշխանության մեթոդներն Ուսամա բեն Լադենի հետ։

«ԱՄՆ-ում ու Եվրոպայում նման ռումբի կիրառմամբ ահաբեկչության վտանգը պահպանվում էր մինչև 2011 թվականը՝ մինչ Ուսամա բեն Լադենի ոչնչացումը։ Միջուկային ահաբեկչության մեթոդները չեն փոխվում․ ինչպիսին դրանք Ուսամա բեն Լադենի մոտ էին, այնպիսիսն էլ մնացել են Զելենսկու մոտ», - գրել է Վոլոդինը։

ՌԴ Պետդումայի խոսնակը հավելել է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները մեղավոր են նաև միջուկային ահաբեկչությանը հովանավորելու համար։

«Զելենսկու ռեժիմին ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերելով՝ ԱՄՆ նախագահն ու եվրոպական երկրների ղեկավարները վերածվում են միջուկային ահաբեկչության հովանավորների ու հանցակիցների», - եզրափակել է Վոլոդինը։