Երկար մտածելու ժամանակ չկա, նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը․ Ռուբեն Վարդանյան


12:37 , 20 հոկտեմբեր, 2022
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:
Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։
Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։
Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները։