18:19 , 1 սեպտեմբեր, 2013
Galatv.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ներկայացուցիչները այսօր ևս բողոքի ակցիա են իրականացրել Փակ շուկայի տարածքում: Նրանք հայտարարել են, որ հասարակական շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներին այսօր ևս դիմավորել են շատ ագրեսիվ: Որպես տարածքի բնակիչ ներկայացած անձիք վեճ են հրահրել ակտիվիստների հետ:
Տարածքի բնակիչները վանկարկում էին՝ հեռացե՛ք, թող շուկան բացվի և այլն:
Երբ շարժման անդամները հայտարարեցին, որ այսօր իրենց ակցիան համարում են ավարտված և որ բողոքի ակցիան կշարունակվի նաև վաղը, ժամը 13:00-ին, հակառակ կողմում հավաքված կանայք սկսեցին վանկարկել՝ հաղթեցինք:
Ի դեպ, այդ կանանց անվանում էին սադրիչներ և խոսակցություններ տարածում այն մասին, որ նրանք հատուկ ուղարկված էին Սամվել Ալեքսանյանի կողմից:
Երբ որ ակցիայի մասնակիցները փորձում էին հեռանալ, սկսվեց ընդհարում ոստիկաններից մեկի և քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի միջև: Գևորգը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը իրեն վիրավորել է:
Անմիջապես նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Տվյալ ոստիկանը հայտնեց, որ ակտիվիստն էլ իրեն է վիրավորել: Մինչդեռ հավաքվածները հայտնեցին, որ ոստիկանը մոտեցել է Գևորգին և հարցրել, թե երբ են իրենք շնորհակալություն հայտնելու ոստիկաններին: Ապա Գևորգը պատմեց, որ ինքը նշել է, թե՝ դուք ձեր պարտականությունն եք կատարում, որի համար շնորհակալություն չպետք է հայտնենք: «Ես ասել եմ, որ ծառայություն իրականացնելու համար շնորհակալություն չեն հայտնում, մենք դրա համար վճարում ենք»: Լսելով Գևորգի ասածը, տվյալ ոստիկանը դարձյալ հակադարձեց՝ ինչի դուք մեզ աշխատավարձ եք տալիս: Ի պատասխան քաղաքացիական ակտիվիստները հայտնեցին, որ ոստիկանները վճարվում են մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին, հրավիրելով նաև Վ. Օսիպյանի ուշադրությունը այն փաստի վրա, որ իր ենթակաները մինչև հիմա չգիտեն, թե որտեղից է գոյանում իրենց աշխատավարձերը:
Իրավիճակը հարթվել է, և ակտիվիստները հեռացել են:






Փայլակ Ֆահրադյան