18:15 , 14 հոկտեմբեր, 2022Իլհամի խորամանկ խաղը
Մինչ Նիկոլն Աստանայում բողոքել է Ադբեջանից՝ գուժելով այդ երկրի կողմից ՀՀ նորանոր տարածքներ գրավելու մտադրության մասին, Իլհամը հերթական անգամ իր շահն է առաջ տարել՝ զարգացնելով աշխարհաքաղաքական բևեռների միջև իր խորամանկ խաղը:
Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահը Ֆրանսիայի նախագահի հնչեցրած այն տեսակետը, թե Կովկասի ապակայունացման հարցում չափազանց մեծ է ադրբեջանամետ Ռուսատանի ապակառուցողական դերը, որակել էր՝ ոչ կոռեկտ և անընդունելի՝ ընդգծելով՝ այդ հայտարարություններում չկա հակամարտության բուն ընթացքի ըմբռնում:
Եվ ահա Իլհամն Աստանայի իր ելույթում բացի այն, որ ինչպես հարկն է «նաղշել է» Մակրոնին, իր հավատարմության երդումն է տվել Պուտինին. Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևը համարել է վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ:
Փաստորեն՝ մինչ Նիկոլը մաշում է Հայաստանի՝ առանց այն էլ չեղած դիվանագիտական պաշարը, Իլհամը, փաստացի խաղալով Եվրոպայի խաղը, Պուտինին հերթական անգամ քսմսկվում ու քծնում է՝ այսպես ասած կանգնելով ՌԴ նախագահի թասիբին: Սա թուրքական դիվանագիտութնաը բնորոշ ձեռագիր է՝ շատ հաճախ իրենց համար դրական պտուղներով:
Հարցն այն է, սակայն, թե արդյոք Իլհամին կհաջողվի՞ Պուտինի մոտ բարձրացնել իր կշիռը՝ է՛լ ավելի ընդգծելով Նիկոլի հակառուսական կերպարը, թե՞ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ունի հստակ պատկերացում, որ Իլհամը Նիկոլից ավելի լավը չէ.երկուսն էլ խաղում են Արևմուտքի խաղն ուղղակի այն տարբերությամբ, որ մեկն անում է դա դիլետանտին բնորոշ կերպով, իսկ մյուսը փորձում է գործի դնել МГИМО-ում ստացած իր կրթության պտուղները: