ՔՊ-ականները Հայաստանը վերածում են Վրաստանի
12:10 , 13 հոկտեմբեր, 2022
Վերջերս ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Նիկոլի ունեցած հանդիպումից շատ չանցած՝ հիմա էլ ԱԽՔ Գրիգորյան Արմենն է Վրաստանում հանդիպել ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ՝ նրան ներկայացնելով սեպտեմբերի 13-ին ազերիների ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա համատեքստը՝ ընդգծելով՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Հայաստանի հայացքը՝ ուղղված ՆԱՏՕ-ին, առավել սիրառատ է դառնում, ինչը, իհարկե, տարօրինակ չէ՝ նկատի ունենալով ՔՊ-ական իշխանությունների ունեցած նախասիրություններն ու նախապատվությունները: Իշխանությունները, Հայաստանի դարդերը ՆԱՏՕ-ականների հետ կիսելով, նպատակամիտված կերպով մեծացնում են ՆԱՏՕ-ի դերակատարությունը Կովկասում, հող են նախապատրաստում ՀԱՊԿ-ից հեռանալու համար՝ ջանալով Հայաստանն արժանացնել Վրաստանի ճակատագրին՝ երկիր, որը վաղուց է՛լ վրացիներինը չէ,այլ թուրքերի հետնաբակն է դարձել:
Մյուս կողմից՝ իշխանությունները շարունակում են մուննաթ գալ ռուսների ու ՀԱՊԿ-ի վրա՝ փորձելով Հայաստանի՝ ՌԴ ազդեցության գոտուց դուրս գալու ՔՊ-ականների քայլերը հիմնավորել ռուսների՝ հայերի նկատմամբ անտարբերությամբ՝ չնայած բացարձակապես հայտնի չէ, թե արդյոք նույն ՆԱՏՕ-ն շտապելո՞ւ է իրական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը լքի ՀՀ սուվերեն տարածքները՝ նկատի ունենալով Արևմուտքի սերն ու գնահատանքը՝ ադրբեջանական նավթի նկատմամբ:
Ռուսական կողմից որոշակի անտարբերություն, իհարկե, կա, որն անժխտելի է, բայց այդ երևույթը պայմանավորել միայն ռուսական կողմի բարի ցանկության բացակայությամբ, անհիմն է. ՌԴ-ն ՔՊ-ական իշխանությանը չի վստահում՝ շատ լավ իմանալով՝ ում կրեատուրան է այդ ուժը ներկայացնում դեռևս ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանում: