Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ճանաչել ԼՂ Հանրապետությունը


16:51 , 7 հոկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և ՄԱԿ անդամ 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը: «Արմենպրես»-ը խմբակցությունների հայտարարությունն ամբողջությամբ հրապարակում է ստորև.

«Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն  ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010 թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:

Հաղորդագրության տակ ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական hայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները: