Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները. նախարարը ներկայացրեց 2023-ի պետբյուջեի նախագիծը


13:15 , 29 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն ավելացնել, դրանք  կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմանը:

Նրա խոսքով՝ սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:

«Անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ, դա մոտ 200 մլրդ դրամով ավելին է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: 2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները»,-ասաց Խաչատրյանը: