«Փակ շուկայի» նախկին առևտրականները սադրանքներ են հրահրում


15:22 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Երևանի սրտում` «Փակ շուկայի» հրևանությամբ, շարունակվում է իրարանցումը: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների և շուկայի հարևանությամբ ապրող բնակիչների ու շուկայի նախկին աշխատակիցների միջև լարվածությունը պահպանվում է: Թեև ոստիկանությանը հաջողվել է այդ երկու խմբերին բաժանել երկու հատվածների, միևնույն է` առևտրականներն ու բնակիչները չափազանց ագրեսիվ են: 

Սադրանքներից մեկի հետևանքով քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածքից բերման ենթարկեց երեք քաղաքացու: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը բռնելու է բոլոր քաղաքացիներին, նշանակություն չունի` ակտիվիստ է, թե առևտրական: 

Նշենք նաև, որ առևտրականները հատուկ պայմանավորվածություն ունեն` անընդհատ ծեծկռտուք և հրմշտոց կազմակերպել ակտիվիստների հետ: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նրանք իրենց գործողությունները միմյանց հետ համակարգում են: 

Նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը անընդհատ հայտնում է նախաձեռնության նպատակները և պահանջները, նա բարձրախոսով պնդում է, որ այսօր նախաձեռնությունը սկսում է շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու գործընթաց: