Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալ. տարածաշրջանում Իրանի շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Ադրբեջանում Իրանի դեսպան


12:41 , 28 սեպտեմբեր, 2022

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։

«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,- ասել է Մուսավին: