Երևանում տղամարդը արցունքաբեր գազ է փչել 21-ամյա կնոջ դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարը, 220 000 դրամը, 10 000 ղազախական թենգեն. նա հայտնաբերվել է «Բագրատաշեն» անցակետում. ՔԿ


18:25 , 27 սեպտեմբեր, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով, 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 21-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի աստիճանահարթակում վերջինիս ծանոթը՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, ձեռքին գտնվող արցունքաբեր դեղորայքը փչել է նրա դեմքին և  հափշտակել դրամապանակը, որում եղել է 9.000 ԱՄՆ դոլար, 220.000 ՀՀ դրամ, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, 10.000 ղազախական թենգե և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արցունքաբեր սրվակը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10:38-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Բագրատաշեն» անցակետում և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել:

Վերջինիս  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: