Ահա թե ինչու էր Նենսի Փելոսին եկել Հայատան


19:28 , 22 սեպտեմբեր, 2022

Ահա թե ինչու էր Նենսի Փելոսին եկել Հայատան

Արևմտյան տեղեկատվական-վերլուծական կարևորագույն ռեսուրս համարվող պետականամերձ «Nationalinterest.org»-ում օրերս հրապարակվել է մի հոդված, որտեղ առավելագույն թափանցիկությամբ հոդվածի հեղինակը ձևակերպել է այն ակնկալիքը, որ ներկայումս Արևմուտքն ունի Հայաստանից: «Հայաստանը պետք է կառուցի Զանգեզուրի միջանցքը» («Armenia must build the Zangezur corridor») վերտառությամբ հոդվածում դրա հեղինակ Բլենքը, անդրադառնալով այդ միջանցքի կարևոր աշխարհատնտեսական նշանակությանը, Հայաստանին մեղադրել է Մոսկվայի ծածուկ հրահանգով Ռուսաստանը շրջանցող այդ կարևոր պրոյեկտը տորպեդահարելու համար ու շեշտել, որ եթե իսկապես ՀՀ կառավարությունն Արևմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է հայկական սփյուռքը, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ այդ կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար: Միաժամանակ հեղինակը նշել է, որ միջանցքի վերաբերյալ եվրոպական տեսլականի համաձայն՝ այն չպետք է կրի արտատարածքային բնույթ, այլ ամեն մի երկիր ինքը պետք է վերահսկի իր ուղիները, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ հեղինակի, Ռուսաստանը պարտադրում է, որ այդ ուղին վերահսկեն ՌԴ ուժերը, ինչը չի համապատասխանում Արևմուտքի շահերին: Հեղինակը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի դիլեման լուծել այնպես, որ շահած դուրս գան թե՛ Արևմուտքը, թե՛ Հայաստանը:

Փաստորեն՝ կարելի է արձանագրել, որ Ալիևի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումները ստացան իրենց աշխարհaքաղաքակaն բացատությունը. վերջին հարձակման հետևում կանգնած է հենց Արևմուտքը, որը նման ժեստերով փորձում է հասկացնել Երևանին, թե ինչ կլինի, եթե միջանցքը չտրվի: Չնայած թվում է, թե այս իրավիճակում արևմտյան երկրների միանշանակ աջակցությունը Հայաստանի կողմն է, բոլորը դատապարտում են թուրքերին և այլն, սակայն այդ ամենն ընդամենը «շիրմա» է, իսկ իրական նպատակը միջանցքի ստացումն է:

Ճիշտ է՝ հոդվածագիրը շեշտում է, որ այդ միջանցքը չի ունենալու արտատարածքային կարգավիճակ, և Հայաստանն ինքն է վերահսկելու իր ուղիները, սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում. կարճ ժամանակ անց, երբ Արևմուտքի, իսկ իրականում Թուրքիայի ազդեցությունը կմեծանա Ռուսաստանից հեռացած Հայաստանում, Անկարային դժվար չի լինի արևմտյան գործիչներին համոզել, որ Հայաստանով անցնող ուղին ստանա արտատարածքային կարգավիճակ, իսկ խնդիրը լուծելու ու Արևմուտքում ըմբռնում գտնելու համար թուրքերը կարող են սադրանք կազմակերպել՝ հայերին մեղադրելով ճանապարհի բնականոն աշխատանքը խափանելու համար: Այսինքն՝ Արևմուտքի առաջարկությունը բարդ շախմատային կոմբինացիայի միայն առաջին փուլն է, որով կլուծվի տարածաշրջանից Մոսկվայի հեռացման, իսկ հետագայում Նախիջևանի ու Ադրբեջանի հիմնական մասի ցամաքային կապի հարցը՝ թուրքերի պատվերով դուրս թողնելով Հայաստանը խաղից:

Ինչ վերաբերում է ռուսների ջանքերին՝ վերահսկողություն ստանալու այդ միջանցքի նկատմամբ, ապա դա Մոսկվան անում է՝ բացառապես ելնելով տարածաշրջանից դուրս մղվելու մտավախությունից. Մոսկվան կողմ կլինի միջանցքին այն դեպքում միայն, եթե այն վերահսկի ինքը, իսկ մնացյալ դեպքերում դեմ հանդես կգա, ինչի մասին, ի դեպ, ակնարկել է վերոհիշյալ հոդվածի հեղինակը:

Մի բան հստակ է՝ Հայաստանի ազգային շահերից է բխում առհասարակ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի չեղարկումը, իսկ հակառակ դեպքում, եթե այնուամենայնիվ այն կյանքի կոչվի, ապա նույն Արևմուտքը պետք է տա երկաթյա երաշխիքներ առ այն, որ Հայաստանից երբեք չի խլվի սեփական ուղիները վերահսկելու օրինական իրավունքը:

Կտրվե՞ն այդ երաշիքները, արդյոք, նկատի ունենալով թուրքերի՝ հեռուն գնացող նպատակներն ու արևմտյան էներգետիկ շահերը…