Միրզոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքների կոպտագույն խախտումները


12:26 , 22 սեպտեմբեր, 2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։