29.800-անոց Նիկոլը


16:33 , 21 սեպտեմբեր, 2022
Անկախության տոնի կապակցությամբ անկախության թշնամի ու պետության գերեզմանափոր Նիկոլը մի երկար-բարակ ուղերձ է հղել, որում ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատել է այն հիմնավոր կասկածներն ու ենթադրությունները, թե կոնկրետ ինչի համար է նա բերվել իշխանության:

Կոչ անելով «այո» ասել անկախությանը, գովերգելով ժամանակին այդ անկախությանն «այո» ասածներին՝ Նիկոլն իր ուղերձի վերջում բացել է իր կողմից շռայլված, բայց լիովին արժեզրկված քաղցր-մեղցր խոսքերի բուն նպատակը՝ հայտարարելով. «…Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո և այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:

Նիկոլն ուղղակիորեն ասում է, համոզում, որ չկա Հայաստան ու չի կարող լինել հայկական պետություն բոլշևիկների կողմից գծված սահմաններից դուրս: Ընդ որում՝ նրա համառ ջանքերի պատճառով ստեղծվել է մի վիճակ, երբ այլևս շատերը շնորհակալ կլինեն, եթե գոնե 29800քկմ-ի վրա շարունակի տարածվել հայոց ինքինշխանությունն ու պետականությունը՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ բոլորիս աչքի առաջ այդ թիվը օրեցօր փոքրանում է, ու եթե այսպես շարունակվի, ապա հեռու չի լինի այն օրը, երբ այն կարգով կկրճատվի:

Մյուս կողմից՝ Նիկոլը, ինչպես միշտ, ոչ մի կերպ չի հիշատակել Արցախի՝ հայոց պետականության ողնաշարի մասին՝ ձևացնելով, թե նման միավոր գոյություն չունի ու չի էլ եղել: Ավելին՝ նրա կողմից շեշտված 29800քկմ-ը տվյալ պարագայում ավելի շուտ դավադրություն է հիշեցնում. Նիկոլը, փաստորեն, բացառում է հայկական որևէ քաղաքական, աշխարհաքաղաքական սուբյեկտի գոյություն 29800-ից դուրս՝ մակերես, որի թիվ մեկ թշնամին հենց ինքն է, որը ապերախտ ու անտաղանդ, թշնամական քաղաքականության հետևանքով կարող է դառնալ հայ ժողովրդի գերեզմանոցը՝ մի բան, որի մասին երազում են ՔՊ-ականները՝ առնվազը հետագայում պատասխանատվության չենթաչկվելու ցանկությունից դրդված: