Գագոյի բադրջանը
15:49 , 20 սեպտեմբեր, 2022
«Գեներալ» բառը արժեզրկած Մելքոնյան Գագոն տրտնջացել է ռուսներից՝ գանգատվելով, թե 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք չի վաճառել, իսկ ահա հարցին՝ ինչո՞ւ, ինչպե՞ս կարելի է դա բացատրել, Գագոն արձագանք-կոչ է հղել՝ այդ հարցն ուղղել ռուսներին:
Իսկապես զենքի պակասի խնդիր ներկայումս Հայաստանն ունի: Ունի հատկապես այնպիսի համակարգերի կարիք, որոնք թույլ կտային վերջապես չեզոքացնել անիծյալ «Բայրաքթարի» արդյունավետությունը, ինչպես ասում են, փակել օդը և այլն:
Հարցը՝ ինչո՞վ կարելի է պայմանավորել Հայաստանին զենք չվաճառելու հանգամանքը, կարելի է բացատրել երեք կերպ: Մեկն այն է, որ Ռուսաստանը, նախապես պլանավորելով Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» և հասկանալով իր ռազմական կարիքների ծավալը, հնարավոր է, ձեռնպահ է մնացել մեծածավալ զենքի մատակարարման քայլից՝ ապոհավագրելու նախ ինքն իրեն ու հետո միայն Նիկոլի նման դաշնակցին:
Երկրորդ հանգամանքը, որով կարելի է պայմանավորել նման կեցվածքը, Ադրբեջանին չգրգռելու ձգտումն է՝ հաշվի առնելով հատկապես Բաքվից ոչ երկիմաստ ուղերձ պարունակող այն ելութները, որ պատերազմից հետո Ալիևը հնչեցնում էր՝ ուղղված Մոսկվային՝ ստանալով Էրդողանի լիարժեք աջակցությունը:
Եվ վերջապես երրորդ տարբերակն ու թերևս ամենագլխավորը՝ Նիկոլի գործոնը: Բանն այն է, որ զենքի առուվաճառքը բնավ նման չէ ասենք բադրջանի կամ ձմերուկի առուծախին. պետք է կատարյալ փոխվստահելի մթնոլորտ, պետք են խելքը՝ գլխներին բանակցողներ ու միջնորդներ, որոնք կկարողանան համապատասխան «կանալներով», տարբեր ուղիներով լուծել զենքի մատակարարման հարցերը: Մինչդեռ գաղտնիք չէ, թե Հայաստանի ձեռքին հայտնված զինատեսակները հաճախ ում ձեռքին էին միջնորդավորված կերպով հայտնվում՝ բանեցվելով ընդդեմ ռուսական շահերի. թուրքերը մեծ հաջողությամբ օգտվում էին Նիկոլի հովանավորյալ «Պատրոն Դավոյի» տաղանդներից՝ իրենց համար հավելյալ ռեսուրս ապահովելով:
Այնպես որ՝ Գագոն մուննաթի տեղ չունի. «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ»…