Մոսկվան նախազգուշացնո՞ւմ, թե՞ խրախուսում է Վաշինգտոնին


16:10 , 19 սեպտեմբեր, 2022
Մեկնաբանելով Նենսի Փելոսիի այցը՝ Հայաստան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը: «Ամեն բան, որը ոչ թե խոսքով, այլ գործով կարվի, ոչ թե կլինի բարձրաձայն և պոպուլիստական, այլ իրականում, գործնականում կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել։ Կարո՞ղ են, արդյոք, նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը հասկանալի կլինի»,-ի մասնավորի՝ ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքում, մի կողմից, նկատվում է անվստահություն՝ ամերիկյան կողմի իրական նպատակների մասով, մյուս կողմից՝ հասկանալի է դառնում, որ Մոսկվայում էլ են գիտակցում, որ Անդրկովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու հարցում ՌԴ-ն միայնակ չի կարող մեծ հաջողություններ գրանցել: Ավելին՝ տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հիմնական պատասխանատու Կրեմլում համարում են հենց Արևմուտքին, որի նպատակը ՌԴ-ին խաղից դուրս թողնելն է ցանկացած գնով, սակայն պատրաստ են հանդուրժել, եթե Արևմուտքն իր ձգտումներում անկեղծ գտնվի ու Մոսկվայի համար ճակատագրական այս պահին զսպի գազազած թուրքերին:

Գլխավոր հարցը, սակայն, այն է, թե Ռուսաստանը պատրա՞ստ է վճարել այն գինը, որը կարող է ԱՄՆ-ն պահանջել՝ տարածաշրջանում պայթյունը զսպելու համար: Օրինակ՝ Թուրիքիայի պարագայում, երբ կար խնդիր՝ այդ երկրին հնարավորինս հեռու պահելու ուկրաինական պատերազմից, Մոսկվան չվարանեց, ըստ էության, Հայաստանը թուրքիայի հետ կիսելու միտքը կյանքի կոչել՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ Նիկոլի իշխանության հարատևությունն ու դեռևս անխոցելիությունը գլխավորապես պայամանվորված է ռուս-թուրքական շարունակվող դաշինքով՝ դաշինք, որին ստիպված էր գնալ Մոսկվան՝ իր համար կենսական խնդիրներ լուծելու ու գուցե նաև Արևմուտքի ազդեցությունը թուլացնելու նպատակով: Ճիշտ է՝ խիստ վիճելի է այն թեզը, թե տարածաշրջանում Արևմուտքին Թուրքիայով փոխարինելով՝ Մոսկվան խորքային հարց է լուծում՝ նկատի ունենալով առնվազը Թուրքիայի ՆԱՏՕ-ական երկիր լինելու հանգամանքը, բայց Կրեմլում առավելապես նախընտրում են Անդրկովկասին առնչվող հարցերոմ պայմանավորվել թուքերի, քան ամերիկացիների հետ, ինչը գուցե ունի իր բացատրությունը՝ ռուսական շահի տեսանկյունից:

Մյուս կողմից, իհարկե, Պեսկովի ոչ միանշանակ հայտարարությունը համարել բացառապես խանդի դրսևորում թերևս ճիշտ չէր լինի. գուցե իսկապես կան հիմքեր՝ պնդելու, որ Արևմուտքի մղումներն այնքան էլ անկեղծ չեն, իսկ ականջահաճո հայտարարություններն ընդամենը կոչված են՝ քողարկելու այն իրական ծրագրերն ու նպատակները, որոնք աշխարհաքաղաքական այդ բևեռը հետապնդում է հաճախ նաև լատենտ կերպով: