11:33 , 31 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Քիմիական զենքի հարցով ՄԱԿ 13 տեսուչներն օգոստոսի 31-ին լքել են Դամասկոսը եւ մեկնել Լիբանան: Հիշեցնենք, որ նրանք հետաքննում էին Դամասկոսի մոտ քիմիական զենքի հավանական օգտագործման դեպքը, որին ըստ, Արեւմուտքի, զոհ է գնացել մոտ 1429 մարդ:
Չնայած, որ երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ էր հանդես եկել պատերազմ սկսելուն, իսկ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ առանց դաշնակիցների ռազմական գործոություններ չի սկսի, երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հստակ հայտարարել է, որ «սահմանափակ միջամտությունն» անխուսափելի է: Քերին նշել է, որ ամերիկյան հետախուզությունը հրապարակել է դեպքի վերաբերյալ իր հետաքննության տվյալները, ըստ որի, «Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել սեփական բնակչության դեմ»:
Քերիի ելույթից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նշել է, որ դեռեւս որոշում չի կայացրել եւ ակտիվ խորհրդակցությունների մեջ է Կոնգրեսի հետ:
Օբաման նշել է, որ հոգնել է պատերազմներից, սակայն «դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը պետք է անգործություն դրսեւորի: Մենք չենք կարող թույլ տալ, որ խաղաղ բնակիչները նման մասշտաբով տուժեն: Քիմիական հարձակումները սպառնում են մեր ազգային անվտանգությանը, խախտում միջազգային նորմերը, ինչպես նաեւ մեծացնում ռիսկը, որ հետագայում էլ կկիրառվի եւ կհայտնի ահաբեկիչների մոտ»:
Այսօր հետաքրքիր տեղեկություն է տարածել ռուսական Կոմերսանտ թերթը: Այն գրում է, որ Ռուսաստանը հետաձգում է Սիրիային Միգ-29Մ կործանիչների մատակարարումը: Առաջին խմբաքանակը պետք է Սիրիա հասներ մոտ ժամանակներս, սակայն ռուսական կողմը հետաձգել է մինչեւ 2016-2017 թվականներ:
Այս ամենին անմասն չէ նաեւ Թուրքիան: Չնայած, որ Արեւմուտքը բացառում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է այդ որոշումից եւ պահանջում է ցամաքային ներխուժում: Էրդողանը կոչ է արել ներխուժումը սկսել հաջորդ շաբաթ:
Թուրքիան մտադիր է զբաղեցնել երկրի հյուսիսային շրջանները: Սա խիստ վտանգավոր է հատկապես սիրիահայության համար, որոնց մեծամասնությունը բնակվում է երկրի հյուսիսային Հալեպ, Քեսաբ, Կամիշլի քաղաքներում: