«Չորրորդ իշխանություն». ՀՀ ոստիկանության բակից ապամոնտաժել է տարբեր ծառայություններ մատուցող «բուդկան»


07:49 , 31 օգոստոս, 2013

«ՉԻ»–ի՝ «Անձնագրային բաժնից «փող չկա»՝ «բուդկա» է աշխատեցնում», հրապարակումից անմիջապես հետո, հենց նույն գիշերը, ՀՀ ոստիկանության Մաշտոցի տարածքային բաժնի բակից ապամոնտաժել են այնտեղ գործող և անձնագրային փաստաթղթերի համար տարբեր ծառայություններ մատուցող կրպակը։ Հիշեցնենք, որ «ՉԻ»–ն անդրադարձել էր այն փաստին, որ Մաշտոցի անձնագրային բաժնից ՀՀ քաղաքացիներին ուղղորդում են, որպեսզի լուսանկարվեն, պատճենահանումներ կատարեն և հարկ եղած դեպքում նաև դիմումներ գրեն (իհարկե վճարովի հիմունքներով) հատկապես այդ կրպակում, որը մանրավաճառի «բուդկա» է հիշեցնում։

Պարզել էինք, որ կրպակը գրանցված է անհատ ձեռներեց Մարինա Բոբնևայի անունով, սակայն պատկանում է Դավիթաշենի անձնագրային բաժնի պետ Ռոման Խալաթյանին։ Տեղեկացրել էինք նաև, որ կրպակը գրանցված է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի պետռեգիստրում։

Մեր լրագրողը լուսանկարվել էր այդտեղ և պահանջելով կտրոնը, հայտնաբերել էր, որ կտրոնի վրա բոլորովին այլ հասցե է և այն որևէ աղերս չունի այն հասցեի հետ, որտեղ տեղակայված էր կրպակը։ Հիշեցնենք, որ մեր հրապարակումը օգոստոսի 29-ին էր, իսկ օգոստոսի 30-ի առավոտյան կրպակն արդեն չկար։ Նրա հետ անհետացել էին նաև մշտապես աղբով լցված երկու մեծ աղբամանները:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: