ՔՊ-ականների կասկածելի գործարքները. գնումներ՝ պետությանը թալանած ՍՊԸ-ից


00:13 , 13 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Թեև հեղափոխությունից հետո հաճախ էր խոսվում թալանի դեմ պայքարի մասին, այնուամենայնիվ, այսօր Նոր Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ պետական կառույցները պայմանագրեր են կնքում այնպիսի ընկերությունների հետ, որոնք մեղադրվում են պետությանը նյութական վնաս պատճառելու կամ հարկեր չվճարելու մեջ:

Դիցուք՝ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել: Պայմանագրի շրջանակներում ընկերությունը շարունակելու է իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Պայմանագիրը Ոստիկանությունը ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության e-gov.am կայքին: Պայմանագրից տեղեկանում ենք, որ նշյալ 3 միլիարդ 172 միլիոն դրամից 314 միլիոն 200 հազար դրամը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կատարած աշխատանքի վարձատրության արժեքն է, իսկ 2 միլիարդ 850 միլիոնն ընկերության կատարած ծախսերի փոխհատուցումը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս չափի խոշոր գնումը իրականացվել է առանց մրցույթի` մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով: 3 միլիարդ 172 միլիոն դրամի կնքված պայմանագրի համատեքստում աչքի է ընկնում նաև այն փաստը, որ նախորդ տարի՝ 2018 թվականին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը բացահայտել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետությանը պատճառել է 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամի վնաս:

Պետական կառույցները՝ վարչապետի և նախագահի աշխատակազմերը, մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ են անում Սամվել Մայրապետյանի «Տոյոտա Արմենիա»-ից, մինչդեռ Մայրապետյանին նույնպես մեղադրում էին պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու մեջ:

Վայոց Ձորի մարզպետարանը, ի դեմս Արարատ Գրիգորյանի, 265,600 դրամի ծառայություններ է գնել «Սմարթլայն» ՍՊԸ-ից, որը, ըստ ՊԵԿ-ի, չկատարած հարկային պարտավորություններ ուներ պետության հանդեպ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեկ անձից գման ընթացակարգով 235,200 դրամի գնում է կատարել Դավիթ Աղասարյան ԱՁ-ից, որը նույնպես պետության հանդեպ չկատարած հարկային պարտավորություններ ունի:

Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Վեգա Ուորլդ»-ից Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 117,000 դրամի կտորից պայուսակ է գնել: Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ Ալեքսանյանին պատկանող ՍՊԸ-ները խուսափել են հարկեր վճարելուց:
 
Բավարար չէ այն հանգամանքը, որ ՔՊ-ականները գնումներ են անում պետությանը վնաս հասցրած ընկերություններին, նրանք չեն քաշվում անգամ սեփական ընտանեկան բիզնեսը պետության հաշվին հարստացնելու գաղափարից: Այսպես, Անահիտ Ավանեսյանի փոխնախարար նշանակվելուց հետո պետական գնումների մրցույթով նրա ընտանիքին պատկանող «Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։
 
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
 
Ինչպե՞ս է ստացվում, որ  այն պաշտոնյաները, ովքեր կոչված էին պայքարելու կոռուպցիայի դեմ և կանխելու այն, նպաստում են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Վերը նշված ընկերություններից շատերի մասով քննությունները դեռևս շարունակվում են, նրանց անմեղությունը դեռևս չի ապացուցվել: Ասել է, թե չի ապացուցվել, որ վերջիններս պետությանը չեն քցել: Շատերի մասով մեղավորությունը ապացուցված է, սակայն, նրանք անգամ պետությանը հասցված վնասը դեռևս չեն փոխհատուցել: Մինչդեռ այդ հանգամանքը որևէ կերպ չի կանգնեցնում ՔՊ-ական պաշտոնյաներին, նրանք շարունակում են գումարներ շռայլել պետությանը խաբած ընկերություններին...