Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ ընդդիմությանը մանդատից զրկելու գործընթաց ենք սկսելու, ես շատ խիստ եմ տրամադրված․ Ալեն Սիմոնյան


18:59 , 9 սեպտեմբեր, 2022

Խորհրդարանի աշխատանքները ընդդիմության չներկայանալու պատճառով որևէ կերպ չեն տուժում, դրանից տուժում են իրենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների կողմից խորհրդարան չվերադառնալու և աշնանային նստաշրջանի նիստերին չմասնակցելու հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակները և ստանալ աշխատավարձ։ Վերջերս ես ծանոթացել եմ մեր քաղաքացիների շրջանում արված մի հարցման հետազոտության, որտեղ մեր քաղաքացիների 90%-ը, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, բացասաբար են վերաբերում ընդդիմության ոճին։ Ամբողջ ժամանակահատվածում չլինել խորհրդարանում ու դա մնա առանց հետևանք, ես չեմ կարծում, որ հետագայում ևս մեկ անգամ այդ հնարավորությունը իրենց կտանք» - ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյո՞ք այսկերպ սպառնում է, որ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց է սկսվելու, Սիմոնյանը ասաց․ «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, դա օրենքի պահանջն է։ Վստահ եմ, եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, նրանցից ոչ ոք ԱԺ դահլիճում չի հայտնվի։ Ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ իրենք բաժանվել են երկու խմբի, մի մասը ասում է գնանք, մի մասը ասում է ոչ, չգիտեմ վերջնական ինչ կլինի, բայց ես շատ խիստ եմ տամադրված։ Մենք, որևէ խնդիր չունենք իրենց դահլիճ բերելու, թող չգան»։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ սպասելու են, որ ընդդիմությունը ԱԺ փոխնախագահի և մի շարք հանձնաժողովի նախագահների պաշտոնների համար նոր թեկնածուներ առաջարկի, եթե ոչ, ապա պաշտոնները կմնան թափուր։