19:40 , 30 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստի հրապարակայնացման մասին պահանջին, սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև պատասխանել հարցին, թե որպես Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության ավագանու նախընտրական շտաբի պետ ինչ կարծիք ունի Երևանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի թանկացման կասեցման որոշման՝ Տարոն Մարգարյանի վարկանիշի վրա ազդեցության վերաբերյալ:
-Պարոն Շարմազանով, քաղաքագիտական և այլ շրջանակներից հստակ «մեսիջներ» են հղվում, որ հրապարակե՛ք նախաստորագրվելիք ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը:
- Թե՛ քաղաքագիտական շրջանակների, թե՛ քաղաքական կուսակցությունների, նաև պառլամենտական կուսակցությունների ներկայացուցիչները շատ լավ պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր միջազգային փաստաթուղթ անցնում է վավերացման գործընթաց: Երբ ժամանակը գա, նախաստորագրվի, այդ ժամանակ որպես միջազգային փաստաթուղթ այն կբերվի Ազգային ժողով՝ վավերացման:
Պետք չէ շտապել: Ասեմ, որ որոշ մարդիկ իրենց գցում են շատ հետաքրքիր իրավիճակի մեջ. տեսական կարծիքներ են արտահայտում, հետո փորձում հերքել կամ հաստատել դրանք: Կրկնում եմ՝ կբերվի՞ փաստաթուղթը ԱԺ, այդ ժամանակ քաղաքական ուժերը, պատգամավորները կարող են իրենց կարծիքները արտահայտել: Եվ կարծում եմ՝ ուրբաթը չհասած շաբաթի մասին պետք չէ մտածել:
-Ո՞ւշ չի լինի արդեն:
- Ինչի՞ց պետք է ուշ լինի:
-Նկատի ունեմ, որ հանրությունը այդ փաստաթուղթը չմարսած, հարցը կդրվի քննարկման և քվեարկության:
-Դրա համար գոյություն ունեն պետական ինստիտուտներ, և Ազգային ժողովը դրանց թվում է: ԱԺ-ն հենց այդ հանրության ներկայացուցչական մարմինն է: Հասարակությունն է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին լիազորել իրենց շահերը պաշտպանել:
-Նույն համատեքստում ևս մի բան. ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հայտարարում էր, որ երեք համապետական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում խոսք չի եղել Ասոցացման համաձայնագրի մասին, և հանկարծ՝ ամպրոպ պարզ երկնքում՝ Ասոցացման համաձայնագիր:
-Ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այնպես էլ Իսագուլյանը իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու: Բայց կառաջարկեի, որ ուշադիր կարդան իշխող քաղաքական կուսակցության և նրա թեկնածուի նախընտրական ծրագրի «արտաքին քաղաքականություն» բաժինը և կտեսնեն, որ մշտապես կողմնակից ենք եղել «և՛, և՛»-ի քաղաքականությանը: Եվ այդ նույն տարիների ընթացքում բազմաթիվ անգամ նշել ենք, որ պետք է խորացնենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ ռազմական, քաղաքական, տնտեսական համագործակցության տիրույթում և միաժամանակ պետք է խորացնենք մեր հարաբերությունները մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ Ասոցացման համաձայանգրի հետ կապված բանակցությունները կամ եվրոպական այս կամ այն կառույցի հետ քննարկումները, այսինքն՝ տնտեսական համագործակցության խնդիրները, այսօր չէ, որ ծնվել են: Եվ դա եղել է բոլորի աչքի առաջ: Մեր արտաքին քաղաքականությունը, հիշեցնե՛մ, խարսխված է եղել մի շարք հարցերի շուրջ: Հարց համար 1. Լեռնային Ղարաբաղի անկախությունը այլընտրանք չունի, հարց համար 2. Հայաստանը հետևողականորեն ձեռնամուխ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հարց համար 3. Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ թե՛ ՀԱՊԿ, և թե երկկողմ շրջանակներում, ինչպես նաև զարգացնում ենք տնտեսական-քաղաքական հարաբերությունները մեր եվրոպացի գործընկերների հետ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ