Բաց նամակ Հայաստանի օմբուդսմենին


19:19 , 30 օգոստոս, 2013

Հարգելի պարոն Անդրեասյան, վերջին շրջանում լայն տարածում են ստացել Ոստիկանության կողմից ֆիզիկան ուժի կիրառման դեպքերը: Խիստ մտահոգիչ է, որ չնայած ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է, որ այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ բոլոր այլ միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքին, գործնականում որդեգրվել է ամբողջությամբ այլ մոտեցում, այն է` բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է ֆիզիկական ուժի կիրառմանը, եթե Ոստիկանության աշխատակցի պահանջը չի կատարվում: 

Սակայն ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ խնդրի վրա, այն է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը: Վերջերս Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք են առաջադրել հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նշվածից կարելի է եզրակացնել, որ հոդվածի ձևակերպումը ռիսկային է:

Պարզ չէ` արդյոք այն դեպքում, երբ օրինակ՝ Ոստիկանության աշխատակիցը կիրառում է ֆիզիկական ուժ, և անձը շոկից պարզապես հրում է այդ ոստիկանին, դա ըստ էության հանդիսանում է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, բայց արդյո՞ք անձի արարքում առկա էին 316-ի համար անհրաժեշտ հատկանիշները: Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այն իրավիճակում, որ իշխանության ներկայացուցիչը, ըստ էության ներկայացնելով օրինական պահանջ, դրա կատարման համար կիրառի ֆիզիկական ուժ, սակայն այնպիսի ագրեսիվությամբ և լկտիությամբ, որ անձը պարզապես չկատարի այդ պահանջը, նույնիսկ իշխանության ներկայացուցչի ֆիզիկական ուժի գործադրման առկայության դեպքում, սակայն այդ իրավիճակը նույնպես կարող է որակվել 316-ի հատկանիշներով հանցագործություն, քանի որ անձի անգործությունը կարող է մեկնաբանվել հանրահայտ՝ դիմադրություն ցույց տալ: Կարծում եմ, որ միայն այս հոդվածի շատ հստակ ձևակերպման և/կամ Սահմանադրական դատարանի դիրքորոշման պարագայում հնարավոր է վերացնել առկա չարաշահումները: 

Ողջունելով Ձեր կողմից իրականացվող գործողությունները և հատկապես այն, որ Ձեր կողմից ներկայացվել են մի շարք դիմումներ Սահմանադրական դատարան, որոնք գրեթե միշտ տվել են արդյունք՝ խնդրում եմ քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի սահմանադրականությունը պարզելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: 
Հարգանքներով` Վաղարշ Հարությունյան