Որոտանի կասկադը Ռուսաստանին առայժմ չեն հանձնի


20:11 , 30 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի հետ գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները ավարտված են, և Հայաստանը «հաստատ գումար կստանա» նոր սակագինը սուբսիդավորելու համար՝ երեկ հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: 

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ գազի նոր սակագին, ըստ որի՝ 1 խորանարդ մետր գազի համար բնակիչները պետք է վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն: ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ա. Մովսիսյանը հայտարարեցին, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր սակագինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար, և այդ նպատակով անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 150 միլիոն դոլար: Նրանց խոսքով՝ ՀՀ կառավարությունը ցանկանում է առաջիկա հինգ տարիներին պահպանել այդ սակագինը: Այսինքն՝ առաջիկա 5 տարիներին գազի սակագինը սուբսիդավորելու համար ՀՀ կառավարությանը անհրաժեշտ է 750 միլիոն դոլար, որը ՌԴ-ից ստանալու բանակցությունները, Ա. Մովսիսյանի խոսքով, ավարտվել են:

Ավելի ուշ «Գազպրոմ» ընկերությունը բացահայտեց, որ Ա. Մովսիսյանը իրենց հետ բանակցում է «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսը իրենց զիջելու շուրջ: Այսինքն՝ գազի սակագինը 5 տարի սուբսիդավորելու կամ դրա համար 750 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու նպատակով ՌԴ-ն Հայաստանի իշխանություններից պահանջում է «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսը: 

Բացի այդ, չէին դադարում խոսակցությունները, թե ՌԴ-ն գազի սակագինը սուբսիդավորելու կամ ցածր պահելու համար աչք է դրել նաև Որոտանի ՀԷԿ-ի վրա, ինչպես տարիներ առաջ վերցրեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ա. Մովսիսյանը մի քանի ամիս առաջ նույնպես հայտարարել էր, թե Որոտանի ՀԷԿ-ով հետաքրքրված է նաև ռուսական ընկերությունը:

Արդյոք գազի սակագնի հետ կապված բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է նաև Որոտանի կասկադը: Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ այդ բանակցությունների ժամանակ Որոտանի ՀԷԿ-ի հարցը չի քննարկվել: 

Հիշեցնենք. գարնանը Ա. Մովսիսյանը հայտարարել էր, որ Որոտանի կասկադը գտնվում է մասնավորեցվող օբյեկտների ցանկում, բայց պարզվեց, որ այն այդ ցանկում եղել է տարիներ առաջ և 2006թ. հանվել է: Այդ նույն ժամանակ հրապարակվեց, որ Որոտանի ՀԷԿ-ով հետաքրքրված է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը: Ա. Մովսիսյանը այդ տեղեկությունն էլ հաստատեց՝ հայտարարելով, թե կասկադով հետաքրքրվում են 5 ընկերություններ: «Հետաքրքրված են և՛ ռուսական, և՛ ուկրաինական ընկերությունները, նաև՝ եվրոպական երկու ընկերություն, նյույորքյան ընկերությունը: Դրանք առայժմ հետաքրքրվում են, դեռ ուսումնասիրում են: Եթե լավ առաջարկ լինի, կմասնավորեցնենք՝ ինչու ոչ»,- ասել էր նախարարը:

Այսօր էներգետիկայի նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ Որոտանի ՀԷԿ-ով հետաքրքրվում են որոշ ընկերություններ, բայց առայժմ չի կայացվել այն մասնավորեցնելու որոշում: