Ալենի հայտարարություններն ունեն զրոյական արժեք. սրանք միայն հայտարարություններում ու շնորհավորանքներում են հայրենասեր ու արցախասեր, բայց գործնականում առաջ են տանում Ալիևի օրակարգը


14:03 , 2 սեպտեմբեր, 2022

Ալենը քողարկում է Նիկոլի դավաճանությունը

Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Սիմոնյան Ալենը մի բարեհունչ ուղերձ է հղել՝ պնդելով, թե ներքին և արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: «Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն և օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը»-մասնավորապես՝ հավաստիացրել է Ալենը:

Առաջին հայացքից՝ անխոցելի է թվում Գռզոյի նախկին աշխատողի ուղերձը: Բայց փաստն այն է, որ գործնական հարթությունում Ալենի հայտարարություններն ունեն զրոյական արժեք. սրանք միայն հայտարարություններում ու շնորհավորանքներում են հայրենասեր ու արցախասեր, բայց գործնականում առաջ են տանում Ալիևի օրակարգը:

Եթե Ալենի համար փաստացի գոյություն չունեցող Մինսկի խումբն անայլընտրանքային է, ապա ինչո՞ւ Երևանը քայլ չի անում ու համանախագահներին մի օր չի հրավիրում Երևան: Կամ եթե Մինսկի խմբի թեման առաջնային է ՔՊ-ի օրակարգում, ինչո՞ւ է Նիկոլը Բրյուսելում մի քանի ամիսը մեկ ստորանում, սփռթնում՝ տենելով Ալիևին, իսկ Ալիևի դեմքից էլ երջանկություն է կաթում՝ տեսնելով Նիկոլին: Կամ ինչո՞ւ է բրյուսելյան վերջին հանդիպմանը հետևված հայտարաությունն այդքան ադրբեջանահաճո, որ փակում է Արցախի գոյության հարցը ընդհանրապես:

Նմանօրինակ շնորհավորական տեքստերը գրվում ու տարածվում են բացառապես մեկ նպատակով՝ խաբեության ու մոլորության: Սև գործը պետք է արվի թաքուն, իսկ որպեսզի այդ գաղտնիությունը հաստատ լինի, իրական պրոցեսները հաճախ քողարկվում են հայրենասիրական պաթոսով: