Աշակերտներն ուսուցչին կապել են ծառից և ծեծել վատ գնահատականի համար


22:07 , 1 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի Ջարկխանդ նահանգի Դումկա շրջանում աշակերտները մաթեմատիկայի ուսուցչին և դպրոցի ադմինիստրատորին կապել են ծառից և ծեծի ենթարկել՝ քննությունից ստացած վատ գնահատականների պատճառով: Այս մասին հայտնում է NDTV-ն։

Միջադեպին մասնակցել են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի 11 աշակերտ: Աշակերտները պատմել են, որ մաթեմատիկայի ուսուցիչ Սուման Կումարը դիտմամբ իրենց վատ գնահատականներ է նշանակել թեստի գործնական մասի համար, ինչի պատճառով իրենք տապալել են քննությունը։ Տուժած ադմինիստրատորը՝ Սոներամ Շոուրը, արդյունքները մուտքագրել է Ջարկխանդի ակադեմիական խորհրդի կայքում:

«Դպրոցի տնօրինությունը դեպքի առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի ներկայացրել ոստիկանություն։ Միջադեպը հաստատելուց հետո խնդրեցի դպրոցի ղեկավարությանը բողոք ներկայացնել, բայց նրանք մերժեցին՝ պատճառաբանելով, որ դա կարող է փչացնել աշակերտների հետագա կարիերան», - ասել է ոստիկանության բաժնի պետ Նիտյանանդ Բհոկտան:

Ոստիկանության տվյալներով՝ այս կամ այն կերպ միջադեպին մասնակից է եղել դպրոցի 200 աշակերտների «մեծ մասը»: Դպրոցականների զայրույթի զոհ դարձած ուսուցիչը նախկինում եղել է այդ ուսումնական հաստատության տնօրենը, սակայն հետագայում չճշտված պատճառներով հեռացվել է ղեկավարությունից։ Ենթադրաբար, կարելի է խոսել կոլեկտիվում ինչ-որ կոնֆլիկտի մասին։ Կարգուկանոնը վերականգնելու համար իններորդ և տասներորդ դասարանցիներին երկու օրով դասերից հեռացրել են ու ուղարկել տուն։

Միաժամանակ դպրոցի տնօրինությունը չի կարողացել ոստիկանությանը ցույց տալ քննության գործնական մասի աշակերտների գնահատականները և նշել, թե երբ են դրանք վերբեռնվել խորհրդի կայք։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ապստամբություն սկսած աշակերտներն իսկապես չեն հանձնել քննությունը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք իրավախախտումը կատարել են միայն շրջանառվող լուրերի պատճառով։