Կաթի մթերման շուկայի գնաճն ու ոլորտի առանձնահատկությունները


15:42 , 30 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վերջին տարիներին կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին և հատկապես կաթի մթերման գներին: Իհարկե, կաթի թանկացումը դրական է ազդում անասնապահության կաթնատու ոլորտի վրա, բայց բացասական կաթնամթերքի գների վրա՝ հանգեցնելով թանկացման:

Այսպես, ձմռան ամիսների համեմատ՝ այս ամառ կաթի մթերման գինը չի նվազել: Պայմանագրային հիմունքներով գյուղացիական տնտեսությունները ձեռնարկությունների մեծ մասին կաթի մեկ լիտրը հունիսին հանձնել են գործարանային 160 դրամ գնով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 120-130 դրամի դիմաց: Իհարկե, կան նաև ընդհանուր օրինաչափությունից շեղման դեպքեր, երբ մթերման կետերից մեծ հեռավորությունների վրա տեղակայված գյուղերի բնակիչները, օգտվելով միջնորդների ծառայություններից, կաթը տեղում հանձնում են նրանց 120-130 դրամով: Օգոստոսից կաթի մթերման գինը հիմնականում բարձրացել է մինչև 170 դրամ:

Կաթի մթերման գների բարձրացմանը մեծապես նպաստել է կառավարության վերջին տարիների քաղաքականությունը գյուղատնտեսոթյան ոլորտում: Ձմռանը և աշնանը, սեզոնայնությամբ պայմանավորված, կաթի մթերման գինը բարձրանում է, այսինքն՝ այս անգամ այն կարող է նույնիսկ գերազանցել 200 դրամը: Այս միտումը բացասական է ազդում արտադրողի, հետևաբար, հետագայում նաև սպառողի գրպանին, բայց այն ունի երկու դրական կողմ. նախ շահում է գյուղացին, քանի որ որոշ գյուղացիական տնտեսություններում այն եկամտի միակ աղբյուրն է հանդիսանում, և երկրորդ՝ զսպվում է կաթնատու անասունների հետագա մորթն ու կաթի արտադրության ծավալների կրճատումը:

Եվ չնայած նրան, որ վերջին 3 տարիներին կաթի մթերման շուկայում գինը փաստորեն բարձրացել է 36.5%-ով, կաթի արտադրության ծավալներն ավելացել են ընդամենը 0.4%-ով՝ 2012թ.-ին կազմելով 618,2 հազար տոննա: Այսինքն՝ կաթի մթերման գնի բարձրացումը ավելի շատ ազդում է կաթնամթերքի գների բարձրացման, քան կաթի արտադրության ծավալների ավելացման վրա:

Վերջին տարիներին հատկապես ահանգնացել էր գյուղացիական տնտեսություններում անասունների մորթի վտանգը: Բանն այն է, որ շուկայում միսը թանկանում էր մի քանի անգամ ավելի արագ, քան կաթը, և դա կարող է բերել կաթի արտադրության ծավալների նվազման: Կար այնպիսի միտում, որ հորթերը կբտվեն և կաթնատու անասունի փոխարեն կուղղվեն մորթի: 

Օրինակ, 2011թ.-ին՝ 2010թ.-ի համեմատ տավարի մսի միջին գինը բարձրացել է 26.4%-ով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կաթի գինը մանրածախ շուկայում բարձրացել է ընդամենը 6.1%-ով: 

Մթերվող կաթի գնի այս չափ բարձրացումը, իհարկե, կարող է հավասարակշռություն մտցնել անասնապահության ոլորտում և նպաստել ոլորտի կաթնատու ուղղության զարգացմանը, սակայն դա, միաժամանակ, շղթայական ռեակցիայով անխուսափելիորեն հանգեցնում է նաև կաթնամթերքի թանկացման:

Այսինքն, եթե խնդիր է դրվում նպաստել գյուղացիական տնտեսություններում անասնապահության կաթնատու ուղղության աճին ու զարգացմանը, պետք է հաշվի առնել նաև կաթնամթերքի գների հետագա բարձրացումը: Իսկ այդ գնաճը զսպելու դեպքում, կաթնամթերք արտադրողներն ուղղակի մեծ կորուստներ կունենան, կկրճատեն աշխատավարձերն ու ներդրումները, և ընդհանրապես ոլորտն անկում կապրի: Այս ամենը կհանգեցնի գների ավելի ուշ, բայց պայթյունային բարձրացման: