Օտարերկրյա ներդրումները նվազել են 34,7 տոկոսով


15:24 , 30 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարեկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.7%-ով՝ կազմելով 293.1 մլն դոլար: Այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 118.2 մլն դոլար՝ նվազելով 64.2%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ են կատարվել նաև օֆշորային մի քանի երկրներից: Այսպես, առաջին կիսամյակում Կիպրոսից Հայաստանի տնտեսությունում կատարվել է 35 մլն 726.9 հազար դոլար, Լյուքսեմբուրգից՝ 4 մլն 146.0 հազար դոլար, Սեյշելներից՝ 634.0 հազար դոլար, Վիրջինյան կղզիներից՝ 9 մլն 418.8 հազար դոլար ներդրում:

Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ներդրումները Հայաստանում կազմել են 38 մլն 422.6 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:

Եվրամիության երկրներից կատարված ներդրումների ծավալը նույնպես էականորեն նվազել է: Օրինակ՝ Ֆրանսիայից կատարված ներդրումները նվազել են 86 %-ով, Գերմանիայից կատարված ներդրումները՝ 12.6 %-ով: ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 5 մլն 480.6 հազար դոլար ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.6%-ով:

Օտարերկրյա ներդրումների հիմնական մասն ուղղվել է հանքարդյունաբերության, օդային տրանսպորտի գործունեության, հեռահաղորդակցության, անշարժ գույքի ոլորտներում: