Հրաչյա Սարգսյանն իր սեփական «խաղն» է սկսել. նա կհակադրվի՞ Տիգրան Ավինյանին


23:40 , 27 օգոստոս, 2022

Lurer.com-ը գրում է.

Օրեր առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելած Տիգրան Ավինյանն արել էր ռեզոնանսային հայտարարություն առ այն, որ ՔՊ քաղաքապետի թեկնածուն ինքն է: Շատերի կարծիքով` այսպիսով Ավինյանը փորձում էր իրեն ապահովագրել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից քցված լինելուց: Քանի որ, ըստ էության, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես հայտարարվել է քաղաքապետի թեկնածուի անունը, պարզից էլ պարզ է, որ ներթիմային պայքարը դեռևս ակտիվ փուլում է և շարունակվում է:

Այս ֆոնին ուշագրավ է գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ակտիվացումը: Վերջինս գրեթե ամեն օր նոր շինությունների, պռոյեկտների և այգիների պրեզենտացիայով է զբաղված, ինչը հասկանալի է, որ նախընտրական քարոզչության տարր է իր մեջ պարունակում: Ինչպես երևում է, Սարգսյանը որոշել է օգտվել այն հանգամանքից, որ Ավինյանի դիրքերը այնքան էլ ամուր չեն այս նախընտրական պայքարում և առաջ տանել իր գիծը և խաղալ սեփական խաղը: Պարզից էլ պարզ է, որ առանձնապես հպարտանալու առիթներ գործող քաղաքապետը չունի, նա ոչնչով ավելի հաջող չի եղել, քան իր նախորդները, սակայն, այն որ Սարգսյանը այսօր որոշել է ակտիվանալ և հանրության դատին ներկայացրել իր արած մի քանի գործերի ծաղկաքաղը, արդեն իսկ բավականին ուշագրավ է:

Սարգսյանը, ի դեպ, նաև հրապարակային հարցազրույցներում չի թաքցրել իր ամբիցիաները և նույնիսկ ակնարկել է, որ չի ցանկանում Ավինյանի մոտ փոխքաղաքապետ աշխատել և հենց դրանով է պայմանավորված, որ գործող քաղաքապետը, ըստ էության, փորձում է իրեն դիրքավորել որպես Ավինյանի իրական այլընտրանք: Իսկ թե ում վրա կանգ կառնի Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը...