Ողջունելով ՄԽ համանախագահ երկրների դեսպանների Շուշի չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ. Արցախի ԱԺ նախագահ


22:55 , 27 օգոստոս, 2022
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Ադրբեջանում դեսպանների կողմից Արցախի օկուպացված տարածք չայցելելը:

«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։ 

Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այսօր կրկնել է Իլհամ Ալիևի թեզը՝ ղարաբաղյան հակամարտության՝ «լուծված լինեու» և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու «աննպատակահարմարության» վերաբերյալ։

«Այդ խումբը չկա այնպես, ինչպես չկա այն միջազգային խնդիրը, որը միջնորդների կարիք կարող էր ունենալ», -  ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ այդ երկրների դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, նրա խոսքով, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։

«Սա կարելի է դիտարկել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը։