Թունյան Բաբոն փորձել է համոզել, որ միջինը 3000 դրամ կազմող թոշակների բարձրացումը «քիչ չի»


19:27 , 25 օգոստոս, 2022

Բաբոյի թոշակը

Թունյան Բաբոն մի «բացատրագիր» է գրել ֆեյսբուքյան իր էջում՝ փորձելով համոզել, որ միջինը 3000 դրամ կազմող թոշակների բարձրացումը «քիչ չի»: Բացի դա՝ավետել է, թե սա միջանկյալ բարձրացում է. 2023-ի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է: Բաբոն նաև «կծել» է նախկիններին, թե բա՝ որքան էլ նեղվեն, որ կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, իրենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա. մինչև 2026 թվականը
միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,
իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:

Բաբոն, իհարկե, այն քիչ ՔՊ-ականներց է, որի ուղեղը դատարկ չէ. տնտեսագետ է, քիչ թե շատ թեմայի մեջ է: Հիմա հարց՝ տնտեսագետ Բաբոյին՝ բա մինչև 2026-ը թոշակառուներն ի՞նչ են ուտելու, խո՞տ: Բաբոն գներից տեղյակ է, գոնե իրենց տան համար մեկ-մեկ առևտուր անում է: Իսկ Բաբոն գիտի՞, թե 2026-ին նվազագույն սպառողական զամբյուղը որքան է կազմելու: Եթե այս տեմպերով գնաց, ամենաքիչը՝ 200000: Բաբոն 200000 թոշա՞կ է տալու ծերերերին կամ նպաստ՝ասենք հաշմանդամներին: Ախր շատ հեշտ է նախկինների հաշվին դատարկ տեղը էժանագին դիվիդենտներ հավաքել, բայց շատ դժվար է սեփական խոսքի տակից դուրս գալ: Ու հետո՝ իսկ ո՞վ է երաշխավորում, որ 2026-ին աշխարհի քաղաքական քարտեզի վրայից ջնջված չի լինի Նիկոլի Հայաստանը, դրամն էլ՝ ոչնչացված, թոշակներն էլ՝օդից կախված և այսպես շարունակ:

Բաբոները, իհարկե, նման կնճռոտ թեմաների վերաբերյալ երբեք ստատուսներ չեն երկնում. իմաստը ո՞րն է, եթե ճիշտն ասելիս դիմակն է պատռվում, հիասթափություն առաջանում, Նիկոլի գահավիժող վարկանիշն էլ՝ հավասրվում շրիշակին: Ստեղծագործական շարադրությունները լուսավոր թեմաների վերաբերյալ են գրվում, այլ ոչ թե մռայլ իրականության: