Բրիտանիան ու Ֆրանսիան կարծես թե «քցեցին» ԱՄՆ-ին Սիրիայի հարցում


13:04 , 30 օգոստոս, 2013

Բրիտանական պառլամենտը 275 կողմ, 282 դեմ ձայների հարաբերակցությամբ դեմ է քվեարկել նրան, որ Բրիտանիան միջամտի Սիրիայի դեմ պլանավորվող ցանկացած ռազմական գործողության: Քեմերոնն էլ իր հերթին հայտարարել է, որ իր համար հասկանալի է պառլամենտի դիրքորոշումը, և նա կգործի ըստ այդմ:
Մի քիչ շիլափլավ ստացվեց, որովհետև Բրիտանիան ամենաբարձրն էր գոռում «բռնիր գողին»: Ֆրանսիան էլ իր հերթին է հայտարարել, որ Սիրիական ճգնաժամի միակ լուծման ճանապարհը քաղաքականն է... Այսինքն` Ֆրանսիան էլ ցրեց Օբամային:
Այնպիսի տպավորություն է, որ Բրիտանիան ու Ֆրանսիան «քցեցին» ԱՄՆ-ին, որովհետև սկզբում հանդես եկան խիստ ռազմատենչ հռետորիկայով, իսկ հետո գրեթե սինխրոն հետ քաշվեցին՝ ԱՄՆ-ին միայնակ թողնելով: 
ԱՄՆ-ը բավականին բարդ ընտրության առջև է այժմ, ինչը երևում է նաև Օբամայի իրարամերժ ու անհասկանալի հայտարարություններից, որոնցում նա մեկ ասում է, որ անպայմանորեն պետք է պատժել Ասադի ռեժիմին ու հարվածներ հասցնել, մեկ էլ ասում է, որ չի կարելի խախտել բալանսը իշխանությունների ու ընդդիմության միջև:
Ամեն դեպքում, ստեղծվել է մի իրադրություն, երբ դե ֆակտո ԱՄՆ-ը մենակ է մնացել, և պատասխանատվության ողջ բեռը կենտրոնացել է նրա ուսերին: Հիմա ԱՄՆ-ին մնում է միայն երկու այլընտրանք.
- այնուամենայնիվ հարվածներ հասցնել Սիրիային և էլ ավելի վատթարացնել առանց այն էլ բավականին տխուր վիճակում գտնվող իր միջազգային իմիջը և հերթական անգամ հայտնվել դաժան ագրեսորի կարգավիճակում
- նահանջել ու ոչինչ չանել, բայց այս դեպքում էլ ԱՄՆ-ը կկորցնում է իր դեմքը ու լուրջ նահանջ գրանցում հատկապես Մերձավոր Արևելքում իր կողմից տարիներ շարունակ ամրագրված դիրքերից:

Կա նաև մեկ այլ հավանական տարբերակ. Բրիտանիան ու Ֆրանսիան մեծ բլեֆ են անում, որպեսզի բթացնեն Սիրիայի ու Սիրիայի դաշնակիցների զգոնությունը, և հարվածները, այնուամենայնիվ, կհասցվեն, և դրանց կմասնակցեն նաև բրիտանական ու ֆրանսիական ստորաբաժանումները, իսկ այս ամենը պարզապես ֆարս է ու ժամանակի ձգձգում, որպեսզի աննկատ կարողանան էլ ավելի շատ հարվածային ուժեր մոտեցնել առաջիկա գործողությունների վայրին: Կարծում եմ` ամեն ինչ պարզ կդառնա մինչև կիրակի առավոտ: