Կիրկորովին չեն ուզում դատել
17:41 , 20 օգոստոս, 2022
Մոսկվայի Կիտայ-Գորոդի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել հանրահայտ փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ` խաչի վրա պարելու համար, գրում է Gazeta.ru-ն: 2022թ. ապրիլի 30-ին, իր ծննդյան 55-ամյակին նվիրված համերգի ժամանակ, որ տեղի է ունեցել պետական հանդիսությունների Կրեմլի պալատում, Կիրկորովը բարձրացել էր խաչի վրա և պար ցուցադրել:
«Ժողովրդի կանչ» ՀԿ մամլո քարտուղար Անտոն Եգորցևը հայտնել է, որ մտադիր են բողոքարկել ոստիկանության որոշումը` երգչի դեմ քրեական գործ չհարուցելու մասին: Նրա խոսքով` կազմակերպությունը ծրագրում է այդ հարցով դիմել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին` լրացուցիչ քննություն անցկացնելու խաչի վրա պարելու փաստի կապակցությամբ:
Նշվում է նաև, որ «Ժողովրդի կանչ» ՀԿ-ի հետ զուգահեռ Կիրկորովի դատապարտմանն են ձգտում մի քանի այլ կազմակերպություններ: Կիրկորովի ելույթից մի քանի ամիս անց էլ իրավապաշտպանները փորձում են հասնել հավատացյալների զգացմունքները ոտնահարող երևույթի դատապարտմանը:
Ըստ Եգորցևի` ոստիկանությունը հրաժարվում է գործ հարուցել Կիրկորովի դեմ` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: