Սուրմալուի դեպքը եկավ փաստելու, որ ներքին վտանգներից էլ ապահովված չենք. մի քիչ քո ու երեխայիդ մասին մտածիր ու կարդա սա


11:23 , 19 օգոստոս, 2022
Բարի լույս: Թե չես ալարի, մի քիչ քո ու երեխայիդ մասին մտածիր ու կարդա սա:
Երկիր կառավարող ցանկացած քաղաքական թիմի (իշխանություն կոչվածը) համար մեկ պարտավարությունը, և՛ սահմանադրությամբ, և՛ պետությունների գոյության տրամաբանության մեջ, երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն է՝ մեզանից հավաքագրած հարկերի և մեր այլ ռեսուրսների հաշվին և միջոցով:
Արդեն երկու տարի է, փաստագրված է, որ ներկա կառավարիչները չեն պատրաստվում ջանք դնել ապահովելու երկրի քաղաքացիներին արտաքին վտանգներից: Փաստագրումը նա է, որ մեր պետության սահմանների ամբողջ երկայնքով (առաջ միայն արևմտյանն էր) այլ պետության ռազմական ուժեր են կանգնած, իսկ սրա դիմաց մենք վճարում ենք ոչ միայն հարկերով, հանքերով և ենթակառուցվածքներով, այլ նաև մեր սուվերենությամբ: Ով չգիտի, վերջին բառը ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունն է, որն այլևս չունենք: Մեր սահմանադրությունը պահանջում է, որ սահմանների անվտանգությունը ապահովեն ՄԵՐ ռազմական ուժերը: Բացեք կարդացեք, եթե չեք արել մինչև հիմա, պետք կգա:
Վերոնշյալը արդեն երկու տարի է իրողություն է, որի հետ շատերը փորձում են համակերպվել, իսկ մի մեծ հատված էլ փորձում է չիմացության տալ՝ գլուխն ավազի մեջ պիրկ խցկելով՝ «ամեն մեկն թող իր գործով զբաղվի» կարգախոսով: Այսինքն, համաձայնվում ենք զրկվել ինքնուրույնությունից և ծառայեցվել որպես ռեսուրս այլ պետությունների շահերի համար:
Անցնենք առաջ: Վերևում ասացի, որ ցանկացած իշխանության համար մեկ պարտավորությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Արտաքին վտանգների մասով մեր վիճակը արդեն նկարագրեցի և կարծում եմ այս մասով անհամաձայնություն չկա:
Իսկ ի՞նչ վիճակ է ներքին վտանգների մասով: Սուրմալուի դեպքը եկավ փաստելու, որ ներքին վտանգներից էլ ապահովված չենք: Եվ իշխանությունը չի պատրաստվում կատարել Հայաստանի օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորությունները և շարունակաբար զիջում է (վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բառամթերքով՝ կոմպրոմիսի գնալ) մեր անվտանգությունը չգիտեմ, թե հանուն ինչի. Կամ էլ, թե հանուն իրենց ներխմբային անձնական շահերի:
Սրա մասին բառացի հայտարարեց երեկ՝ Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նայեք տեսանյութը, երեկ տեղադրել եմ այդ հատվածը. Նա ասում է, որ մեր անվտանգությունը ապահովված չէ և նրանք դա չեն անում, որովհետև կոմպրոմիսի են շարունակաբար գնում և դա անում են իբր թե հազարավոր ձեռնարկություններ չփակելու և մարդկանց հացից չկտրելու համար (ինչն իհարկե կեղծ պատրվակ է): Այսինքն, նա ասում է, որ գիտեն մեզ սպառնացող վտանգների մասին, սակայն ոչինչ չեն անելու, որ որոշ խմբեր հացից չզրկվեն: Իսկ իրականում ոչինչ չեն անելու, որովհետև սա կորզող համակարգ է և քաղաքացու կյանքը ոչինչ է և այն դրվել է նեղ խմբերի հարստացմանը ծառայեցվելուն: Փաստ, օրեր են անցել Սուրմալուի դեպքից, ոչ մի պաշտոնյա գործից չի ազատվել և դրանց դեմ քրեական գործ չի հարուցվել (եթե ինչ-որ պահի էլ հանրային ճնշման ներքո անեն, դա կլինի ձևական):
Ինչ է ստացվում. Մենք աշխատում և ապրում ենք մեր երկրում, վճարում ենք հարկեր մեր անվտանգությունը ապահովելու համար, իսկ առկա իշխանությունները «կոմպրոմիսների գնալով» օտարել են մեր անվտանգությունը գաղութարարներին և ներսի օլիգարխ ու կեղեքիչ համակարգին:
Սա ինձ համար փաստ է: Կարծում եմ նաև գիտակից մարդկանց համար: Ունենք մի վիճակ, որը մեզ բոլորիս կյանքին վտանգ է սպառնում և դրա «երաշխավորը» առկա իշխանությունն է:
Հարց:
Ինչպե՞ս է ձեզանից յուրաքանչյուրը պատրաստվում այս վիճակը շտկել:
Նախապես ասեմ, որ «թող ամեն մեկն իր գործով զբաղվի» տարբերակը ինքնասպանությունն է, քաղաքականությամբ չզբաղվելը կամ դրան սատարելուց հրաժարվելը՝ նույնպես: Սա կնշանակի համաձայնվել հաջորդիվ հայտնվել ինչ-որ փլատակի տակ կամ այլ կերպ զոհաբերվել այլոց շահերը սպասարկելու համար:
Ակնկալում եմ արձագանքներ: