«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են


12:16 , 18 օգոստոս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Աշխատանքները մեկնարկել են ժամը 08:30-ից: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ հատվածում պայթյունի պահին գտնվել է քաղաքացի: Հիմա ուժերը կենտրոնացվել են այդտեղ»,-ասաց նախարարը: Աշխատանքներն ավարտելուց հետո կքննարկվի պայթյունից հետո կիսաքանդ վիճակում գտնվող շինության հարցը:

Նախարարն ընդգծեց, որ այս օրերին մասնագետների, փրկարարների պակաս չկար: Այլ երկրներին դիմելու անհրաժեշտություն չի եղել:  

«Հենց սկզբից մեզ հետ աշխատել են Հայկական կարմիր խաչի կամավորները, ՈՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Ռուս-հայկական մարդասիրական արագ արձագանքման կենտրոնի մեր գործընկերներն են այստեղ եղել, այստեղ գտնվող բելգիացի գործընկերներն են միացել: Ուզում եմ նշել, որ մենք այս օրերին մարդկային ներուժի, տեխնիկայի կարիք չենք ունեցել: Եղած ուժերը բավարարել են»,-ասաց Արմեն Փամբուխչյանը: