Ագրարային համալսարանի ռեկտորը Թոռնիկին նշանակել է տնօրեն. yerkir.am


17:33 , 17 օգոստոս, 2022

Yerkir.am-ը գրում է․

Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն:

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:

Հետաքրքիր է, որ համալսարանի կայքում տեղադրված են նախկին տնօրենի տվյալները:

Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

Հիշեցնենք նաև, որ համալսարանի ռեկտորը գիտական խորհրդի նիստում գովաբանել էր Թոռնիկին:

Հիշեցնենք, որ համալսարանի ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտորը ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում առկա խնդիրներին. արդեն անդրադարձել էինք Հայաստանի ազգային ագարարային համալսարանում առկա ուսուցման համակարգի ընդունելության խնդիրներին` նշելով, որ վերջին տարիներին, այսպես կոչված, «համալսարանական բարեփոխումների» ֆոնին, Ագրարայինում տխուր պատկեր է ստեղծվել. մի շարք կարևորագույն մասնագիտությունների համար դիմորդներ կա՛մ չկան, կա՛մ ընդամենը մի քանիսն են:

Այնուհետև ներկայացրինք այս տարվա ընդունելության պատկերները, որը եկավ հաստատելու այդ «բարեփոխումների», մեղմ ասած, անհաջողությունն ու դրա ստեղծած ցավալի հետևանքները:

Հիշեցնենք նաև, որ Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Տերյան 74 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքի հինգերորդ հարկն արդեն փոխանցվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ագրարային համալսարանի այդ տարածքում տեղակայված աշխատասենյակներից աշխատակիցներին տեղափոխել են այլ տարածքներ:

No description available.