Ամենամեծ փորձությունը՝ պատերազմից հետո


16:34 , 15 օգոստոս, 2022
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով առաջացած խնդիրների լուծումը լինելու է առաջիկայի այն հիմնական փորձաքարը, որին բախվելու է Նիկոլի ողջ թիմը: Հայտնի է, որ հենց նմանատիպ, հաճախ ողբերգական ելքով իրադարձություններն են դառնում այն հիմնական ինդիկատորը, որի օգնությամբ հնարավոր է լինում պարզել այս կամ այն պետությունը կառավարող քաղաքական ուժի, կառավարության աշխատանքի արդյունավետությունն ու չափել այն խոստումների իրականանալիության մակարդակը, որոնց շնորհիվ այս կամ այն քաղաքական ուժն այս կամ այն եկրում իշխանություն է վերցրել:

Թվում է՝ հայաստանյան հանրությունը որևէ մեկի ՕԳԳ-ն չափելու խնդիր այլևս չունի, և 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած ժամանակահատվածը լիուլի բավարար են՝ մեկընդմիշտ ֆիքսելու այն օգտակար գործողության ցածր գործակիցը, որ ունի Նիկոլի կառավարությունն ու նրա քաղաքական թիմն առհասարակ: Բայց «Սուրմալուում» կատարվածն ու դրա հետևանքների հաղթահարման արդյունավետության մակարդակը, անխոս, դառնալու են գուցե պատերազմից մի փոքր նվազ, բայց բնավ ոչ անկերևոր մի ցուցիչ նույնպես՝ ևս մեկ անգամ տեսնելու՝ ինչի է վերածվել ՔՊ-ական Հայաստանը, որքան է դրա իմունիտետը:

Ոմանք կարող էին արդարացնել Նիկոլին պատերազմի պարագայում, բայց «Սուրմալուում» տեղի ունեցածից հետո արդարացում չի լինի, եթե հնարավոր չլինի արագորեն հաղթահարել հետևանքներն ու գոնե հիմա ի ցույց դնել, թե ինչի է ենթակա պետությունը:

Ավելորդ հույսեր չտածելով՝ մնում է միայն հուսալ, որ այլևս նման առիթներ չեն լինի՝ ևս մեկ անգամ հիասթափություն ապրելու ու գիտակցելու այն տոտալ անզորությունը, որին բախվում է մեզնից յուրաքանչյուրը՝ չունենալով ադեկվատ իշխանություն: