Այսպիսի հանցավոր անփութությունը կարո՞ղ էին մի օր բերել աղետի, այո՛, կարող էին բերել ու բերեցին. պատահակա՞ն էր աղետը՝ իհարկե ոչ


14:11 , 15 օգոստոս, 2022
«Ի՞նչ անել, եթե դավադրապաշտ չես, բայց պատահականությունների էլ չես հավատում»։
Իրականում կա երրորդ տարբերակ էլ, երբ ո՛չ դավադրություն է, ո՛չ էլ պատահականություն։ Այդ երրորդ տարբերակը համակարգային հանցավոր անփութությունն է։
Հիշո՞ւմ եք Բեյրութի նավահանգստի պայթյունը 2020 թվականի օգոստոսին։ Բերել էին 2750 տոննա ամոնիումի նիտրատը (պարարտանյութ, որը նաև որպես պայթուցիկ նյութ կարող է օգտագործվել), խախտելով պահեստավորման բոլոր կանոնները 6 տարի բրախած թողել մի պահեստում, որում չկային հրդեհային անվտանգության տարրական միջոցներ։ Մի օր էլ հրդեր էր բռնկվել պահեստում, որից էլ ամոնիումի նիտրատը պայթել էր՝ սպանելով 200-ից ավելի մարդ, 300 հազար հոգու թողելով անտուն, պատճառելով 15 մլրդ դոլարի վնաս։
Հատո՞ւկ էր արվել։ Ոչ։ Պատահականությո՞ւն էր։ Իհարկե ոչ։
Վերադառնանք Երևան. նախ՝ քաղաքի կենտրոնում պայթուցիկ նյութեր են մեծ քանակով պահեստավորում։ Սա արդեն ծայրահեղ վտանգավոր և անպատասխանատու քայլ է, անկախ պահեստի անվտանգ կամ ոչ անվտանգ լինելուց։
Երկրորդը՝ պահեստն իրականում անվտանգ չէ. բազմաթիվ խախտումներ են արձանագրվել անցյալ տարի և, ըստ տեսչական մարմնի խոստովանության, տարածքի սեփականատիրոջ բանավոր (!!!) խնդրանքով այդ խնդիրների լուծումը հետաձգվել է։
Այսպիսի անպատասխանատվությունը, հանցավոր անփութությունը կարո՞ղ էին մի օր բերել աղետի։ Այո՛, կարող էին բերել ու բերեցին։
Պատահակա՞ն էր աղետը։ Իհարկե ոչ։