«Խաչքարերը, հուշարձանները տարհանում ենք, որպեսզի նույն ճակատագրին չարժանանան, ինչ Ջրականի եկեղեցին». Լեռնիկ Հովհաննիսյան


16:26 , 12 օգոստոս, 2022

168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության կառավարությունը Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանում է հայկական հուշարձանները, քանի որ աչքի առաջ ունի Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու բազում օրինակներ կան: Եվ հենց այդ հանգամանքից ելնելով՝ որոշել են այս անգամ դրանք չթողնել թշնամու հսկողության տակ անցնող բնակավայրերում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ սկսվել է բնակչության տարհանումը, պետք է տարհանեին հուշակոթողները և միայն մոնումենտալ արվեստի հուշարձանները, խաչքարերը և այլն։

«Մենք այդ աշխատանքները սկսել ենք և տարհանում ենք ոչ միայն հուշարձանները, այլև գրադարանի գրքային ֆոնդը։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 հազարից ավելի կտոր գիրք ամբողջությամբ տեղափոխված է Ստեփանակերտ։ Տեղափոխում ենք Բերձորի, Աղավնոյի և Սուսի մոնումենտալ հուշարձանները, դրանք հավաքվում են մի տեղում Ստեփանակերտում։ Կան տարբեր առաջարկություններ այդ հուշարձանների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու եկեղեցու մոտ ստեղծվի համապատասխան պուրակ և այնտեղ տեղադրվեն հուշակոթողներից մի քանիսը։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտակայքում ևս կտեղադրվեն որոշ հուշակոթողներ, խաչքարեր։

Կան նաև մասնավոր առաջարկներ, օրինակ, Շուշիի հուշարձանախմբի հեղինակից, որ նմանատիպ հուշարձանախմբի պուրակ կարող է ստեղծվել նաև Ստեփանակերտում, Մարտակերտում կամ այլ վայրում։ Այսինքն՝ մենք այս ամենը տեղափոխենք և արդեն կսկսենք այս կամ այն վայրում դրանք տեղադրել ու պահպանել։