«Ժողովուրդ». Բուհերի ուսման վարձավճարները թանկացել են, սակայն դասախոսների աշխատավարձերը չե՞ն բարձրացնելու


08:29 , 30 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանի մի շարք աշխատակիցներ պատրաստվում են նամակ-բողոք ներկայացնել Սերժ Սարգսյանին։ Բանն այն է, որ թեև բուհում ուսման վարձավճարները թանկացել են, սակայն դասախոսների աշխատավարձերը չեն բարձրացնելու։ Ի դեպ, նույն վիճակն է նաև Երևանի ճարտարագիտական համալսարանում։ Այնտեղ ևս բարձրացել է ուսման վարձավճարը, բայց դասախոսների աշխատավարձը մնացել է նույնը, ավելին՝ նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել է։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, սակայն, ասաց. «Սեպտեմբերի 1-ից մենք 5 տոկոսով բարձրացնելու ենք բոլորի աշխատավարձը։ Խոսքը հավելավճարների մասին է, իսկ հավելավճարները ռեալ աշխատողների համար են։ Ձեզ զանգահարողներն այն մարդիկ են եղել, որոնք ոչինչ չեն անում՝ ոչ հոդված են գրում, ոչ ուսանողի հետ են աշխատում և ոչ էլ ծրագրեր են ներկայացնում։ Ինչո՞ւ պետք է նրանց հավելավճար վճարենք, եթե ոչինչ չեն անում»։