Իսրայելական հերթական «Այգաբացի» նպատակն ու արդյունք/հետևանքները


13:23 , 9 օգոստոս, 2022
Օգոստոսի 5-ին արձանագրվեց հերթական սրացումը մերձավորարևելյան ամենաակտիվ հակամարտություններից մեկի՝ իսրայելապաղեստինյան թնջուկի շրջանակում։
Լարվածության պատճառն Իսրայելի կողմից նախաձեռնված «Այգաբաց» կոդային անվանմամբ հատուկ գործողությունն էր Գազայի հատվածում իր ազդեցությամբ երկրորդ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ. այս կառույցի առանցքային արտաքին հովանավորն Իրանն է։
Ընդհանուր առմամբ, 66 ժամ տևած գործողության արդյունքում իսրայելական «ՑԱՀԱԼ»-ը խոցել է 170 թիրախ, սպանվել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևը համարվող «Երուսաղեմի բրիգադներ» խմբավորման շուրջ 10 հրամանատարներ, այդ թվում՝ «հյուսիսի» և «հարավի» առաջնորդները, զգալի կորուստ է հասցվել այլ ռազմական ենթակառուցվածքների ևս։ Ինչպես ավանդաբար, հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։
Ռազմագործողության ընթացքում պաղեստինյան խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 հրթիռ, որից մոտ 200-ն ընկել են Գազայի տարածքում։ Իսրայելի սահմանը հատած 990 հրթիռներից 380-ը որսացել է «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՕՊ համակարգը՝ ընդհանուր առմամբ ցուցաբերելով ավելի քան 95% արդյունավետություն։ Մնացած 610 հրթիռներն ընկել են ծովում կամ բաց տարածություններում։
Մարդկային կորուստների տեսանկյունից՝ իսրայելական կողմից թեթև վիրավորումներ է ստացել մի քանի տասնյակ քաղաքացի, պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 51-ի։
Իսրայելի գործող ժամանակավոր կառավարության կողմից ներկայում նման խիստ սահմանափակ գործողության կազմակերպման նպատակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Նոյեմբերի 1-ին նախանշված հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանության ղեկին գտնվող ձախակենտրոն ուղղվածության քաղաքական ուժերը՝ Լապիդ-Բենեթ զույգի գլխավորությամբ, իրենց վարկանիշով զգալիորեն
զիջում են Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջակենտրոն ուժերի համախմբանը։ Նաև իբրև քաղաքական մանևր՝ գործողությունն առայժմ որոշակիորեն նպաստել է իր նպատակին։ Բացի այդ, այս գործողությունը ևս տեղավորվում է Իսրայելի գործող կառավարության՝ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազեցնելու ուղեգծի տրամաբանության մեջ։
Պաղեստինյան կողմի տեսանկյունից, բացի արձանագրված զգալի կորուստներից, որպես նվազագույն ձեռքբերում կարելի է դիտարկել հրադադարի դիմաց Եգիպտոսի միջնորդությամբ «Իսլամական ջիհադի» որոշ ձերբակալված առաջնորդների ազատումը և Գազայի դեմ կիրառված սահմանափակումների մեծ մասի չեղարկումը։ Մյուս կողմից, վերջին լարվածությունն ի ցույց դրեց նաև Գազայում գործող պաղեստինյան երկու առանցքային խմբավորումների՝ հատվածում իշխող՝ Թուրքիա-Կատար զույգի հովանավորյալ «ՀԱՄԱՍ»-ի և Իրանի ազդեցության ներքո գտնվող «Իսլամական ջիհադ»-ի միջև խորքային տարաձայնությունները, քանի որ առաջինն այդպես էլ չմիջամտեց հակամարտությունը։ Ի տարբերություն, «ՀԱՄԱՍ»-ի թիրախավորմամբ պաղեստինյան հիմնախնդրի նախկին սրացումների ընթացքում «Իսլամական ջիհադը» հիմնականում զգալիորեն աջակցել է գործընկեր-մրցակից կազմակերպությանը։