05:49 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մինեսոտա նահանգի կենտրոնական մասում տեղակայված վրանային ճամբարում ցնցող դեպք է տեղի ունեցել. գայլը փորձել է ուտել քնած դեռահասի գլուխը:
CBS News-ի տվյալների համաձայն՝ 16-ամյա Նոյ Գրեհեմն ընկերների հետ վրանային ճամբար է գնացել, որպեսզի հանգստյան օրերը բնության գրկում անցկացնի: Ուրբաթ երեկոյան դեռահասը որոշել է ոչ թե վրանում, այլ Ուինիբիգոշիշ գետի ափին գիշերել:
Առավոտյան ժամը չորսին Նոյն արթնացել է տարօրինակ զգացողությունից և բացահայտել է, որ իր գլուխը գայլի երախում է գտնվում: Դեռահասը վայրկենապես արձագանքել է, նա բռնել է գայլի բերանից և փորձել ազատել գլուխը:
Ազատվելով գայլի երախից՝ ամերիկացին սկսել է ետ քշել նրան, սակայն բղավոցներն ու ձեռքերի շարժումները չեն վախեցրել գիշատչին: Կենդանին հետ է քաշվել միայն այն ժամանակ, երբ վրա են հասել մյուս հանգստացողները:
Դեռահասին միանգամից հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով 17 կար են դրել:
Տուժածի հայրը տեղեկացրել է, որ իր որդին լավ է զգում իրեն, և ներկա պահին կատաղության դեմ պատվաստումների կուրս է անցնում:
Մինեսոտայի բնական ռեսուրսների պահպանման դեպարտամենտի աշխատակիցները հետևել և սպանել են մարդու վրա հարձակված գայլին: Գայլի մարմնի ուսումնասիրությունից պարզվել է, որ կենդանին ծնոտի բնածին արատ է ունեցել, որով էլ բացատրվում է ճամբարում հեշտ սնունդ գտնելու նրա մտադրությունը:
Կենդանու հարձակումից հետո վրանային ճամբարը ժամանակավորապես փակել են:

