Պուտին-Էրդողան հանդիպման հետքերով


13:33 , 6 օգոստոս, 2022
Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, որը հրապարակվել է հատկապես հայերիս համար կարևոր դիտարկվող Սոչիի հանդիպումից հետո (նախապես հայտարարվել էր, որ ասուլիս նախատեսված չէ), Կովկասն ուղղակիորեն հիշատակված չէ: Փոխարենը խոսվում է ռուս-թուրքական փոխվստահելի հարաբերությունների շարունակականության, Սիրիայում ստեղծված իրավիճակի, Ստամբուլի փաթեթային գործարքի, անգամ Լիբիայի մասին և այլն:

Թվում էր՝ Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող վերջին դեպքերը, ադրբեջանական հերթական ագրեսիան, պատերազմի ռեալ վտանգը պետք է ստիպեին համապատսխան տեքստը կազմողներին գոնե մեկ բառով հիաշատակել նաև Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: Բայց, փաստորեն, այդ մասին նախընտրել են պահպանել լիակատար լռություն: Հարց է առաջանում՝ Անդկովկասի մասին առհասարակ խոսք չի՞ գնացել, թե՞ խոսակցության բուն թեման հենց Ղարաբաղն է եղել, ուղղակի որոշել են կոծկել:

Միանգամից պետք է բացառել Պուտին-Էրդողան բանակցություններում արցախյան հիմնահարցի, տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի անտեսման հավանկանությունը՝ պայմանավորված միանգամայն տեսանելի իրողություններով: Բայց եթե ի սկզբանե բացառվում է վերոհիշյալ տարբերակը, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ են որոշել Արցախի թեման չշեշտադրել:

Մի պատճառը կարող է լինել, օրինակ, այն, որ կողմերին չի հաջողվել վերջնական կոնսենսուսի հանգել խնդիրների շուրջ, ուստի որոշել են թեման շրջանցել: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ իրականում ձեռք են բերվել շատ կոնկրետ պայմանավովածոթյուններ, բայց քանի որ դրանք հակամարտող կողմերից մեկնումեկի համար կարող են ունենալ ճակատագրական հետաքներ, որոշում է կայացվել ժամանակից շուտ մանրամասներ չբացահայտել,այլ սուս-փուս իրագործել պրակտիկայում:

Օգոստոսի 5-ին Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հանդես էր եկել կարևոր գրառմամբ՝ ընգծելով, որ ՌԴ-ն թույլ չի տա պատերազմի բռնկում, որ չնայած հակամարտությունը իրենց՝ ռուսների ջանքերով մարվել է, բայց չի լուծվել. պատճառները, որոնք առաջացրել են հակամարտությունը, վերացված չեն։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի թելեգրամյան գրառումը թերևս պետք է հուսադրող գնահատել՝ ենթադրելով ու հուսալով, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման ջանքերը հաջողութամբ պսակելու ճանապարհին հայկական շահերը պատառ առ պատառ չեն զոհաբերվի թուրքերին:

Է՛լ տեղ չկա, տուպիկ ա…