Արևմուտքը սպառնում է գահընկեց անել Նիկոլին


16:56 , 5 օգոստոս, 2022

Արևմուտքը սպառնում է գահընկեց անել Նիկոլին

Խոսելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև արձագանքելով Նիկոլի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին՝ ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հայտարարել է.«Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում է, որ ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարություն է ստորագրել 2020-ի նոյեմբերի 10-ին: Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, և այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան նա թույլ է: Նա չի կարողանում վերահսկել իր թիմի անդամների հայտարարությունները: Շատ բարդ իրավիճակ է, ես խոսել եմ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյա իմ ընկերների հետ, դա նրանց նյարդայնացնում է, որովհետև եթե երկրի ղեկավարը խոսք է տալիս, նա պետք է կատարի բոլոր պայմանները և խոստումները: Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, մեծ խնդիր է»:

Բրայզան, ըստ էության, բաց տեքստով Նիկոլին նախազգուշացրել ու հիշեցրել է Արևմուտքի առաջ ստանձնած պարտավորությունների մասին: Անկասկած, ո՛չ Բրայզային, ո՛չ էլ առավել ևս թուրք-ադրբեջանական տանդեմին ասենք Դիլիջանով կամ Նիկոլենց գյուղերի մոտերքով Հայաստանի իրավասության տակ գտնվող ճամփեքով գնալ-գալ պետք չէ: Այստեղ հարցը «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է, և հենց դրա մասին է, որ Բրայզան նախազգուշացնում է Նիկոլին ու հայտնում, որ իրենց նյարդայնացնում են Նիկոլի երկակի խաղերը մի դեպքում, երբ վերջինս խոստացել է տալ այդ միջանցքը: Բրայզան, որ իր խոսքում ընդգծել էր նաև հայաստանյան ընդդիմության «ապակառուցողական» դերը՝ հենց դրանով նաև բացատրելով Նիկոլի՝ սեփական խոստումները չկատարելու հանգամանքը, ըստ էության, հստակորեն ակնարկել է Նիկոլին այն մասին, որ իրենք լավ տեղյակ են, թե ինչ խաղ է խաղում իշխանությունը և որ ընդդիմությանը մատնացույց անելով՝ Նիկոլը չի կարողանալու գլուխն ազատել պարտավորություններից:

Միաժամանակ Բրազյայի խոսքում նկատվում է նաև սպառնալից տոնայնություն՝ ուղղված Նիկոլի իշխանությանը, ինչը նշանակում է, որ Նիկոլին տրված ժամանակը սպառվում է, և եթե վերջինս չկատարի իր խոստացածը, ապա կարող է կորցնել իշխանությունը. Արևմուտքը կարող է Նիկոլին փոխարինել այնպիսի ուժերով, որոնք ոչ միայն կտան ուզածը, այլև նույն հակառուսականության առումով առավել անկաշկանդ կլինեն՝ բացահայտորեն վարելով Արևմուտքի խաղը:

Նիկոլը բարդ երկընտրանքի առաջ է հիմա. կա՛մ պետք է մինչև վերջ անի այն, ինչի համար բերվել է իշխանության, կա՛մ իշխանությունը հանձնի նրանց, ովքեր կշարունակեն իր սկսած հայադավ գործը: