Գուցե ՔՊ-ականների հույսը հենց Արցախից ռուսների դուրս գալն է, որ սուս-փուս այն տան թուրքին ու ազատեն իրենց դատարկ գլուխները թոհուբոհից


16:53 , 4 օգոստոս, 2022

Ո՞րն է իշխանությունների հույսը

Կապված Լաչինում սրված իրավիճակի հետ՝ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ քննադատական ուղերձներով են հանդես եկել՝ ուղղված ռուս խաղաղապահներին՝ հիշեցնելով ռուսներին իրենց առաքելության մասին: Նիկոլն էլ Կառավարության նիստում հասցրել է տրտնջալ ռուսներից՝ առաջարկելով լուծել խաղաղապահների միջազգային մանդատի հարցը՝ հույսով, որ գոնե դա կօգնի է՛լ ավելի արդյունավետ դարձնել նրանց ներկայությունն Արցախում:

Անշուշտ, սխալ կլինի ասելը, թե ռուսական խաղաղապահ ուժերն իրենց առաքելության հարցում հասել են անվիճելի հաջողությունների. փաստ է, որ պայմանավորված տարբեր դրդապատճառերով (դրանց մասին ամեն մեկն իր անձնական կարծիքն ունի՝ տարբեր հիմնավորումներով), այսօր ռուս խաղաղապահները ադրբեջանցիների համար է՛լ խոչընդոտ չեն դիտարկվում՝ ուզածն անելու, մարդսպանության գնալու, սադրելու և այլն:

Բայց բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իր պատասխանատվության բաժինը չի կարող չունենալ նաև ՀՀ իշխանությունը, որի կոմպետենտության շրջանակներում է նաև ռուսների հետ առկա խնդիրների ու դրանց լուծումների մասին բանակցությունների վարումը, անկեղծ քննարկումներ ունենալը, հասկացնելը, որ արցախահայության շահերն ու գոյության իրավունքը սակարկությունների ենթակա չեն: Ավելին՝ ՀՀ իշխանութուններն իրավունք ունեն՝ հարկ եղած դեպքում փնտրելու, գտնելու հակաշիռներ, որոնք կստիպեն ռուս խաղաղապահներին ադրբեջանցիների հետ ավելի կոշտ խոսել:

Մյուս կողմից ՝ հարց է առաջանում, թե եթե հանկարծ նույն ռուսական խաղաղապահները հրաժարվեն կատարել իրենց պարտականությունները՝ բռնելով բացարձակ չեզոք դիրք, ի՞նչ է անելու Հայաստանի Հանրապետությունը՝ արցախահայությանը պաշտպանելու, որի անվտանգության երաշխավորը հրաժարվել է դառնալ Հայաստանը:

Կամ ենթադրենք՝ ռուսական կողմը, հզորացնելու համար ուկրաինական ճակատը, որոշում է զորքերը հանել Արցախից, նույն րոպեին արցախցիներին տալու են թուրքի բերա՞ն, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, ցեղասպանություն ու արտագա՞ղթ, թե՞ Նիկոլը, աչքերը կլորացրած, կոչ է անելու արցախցիներին ընդունել ադրբեջանական քաղաքացիություն ու յան տալ: Աշխարհում այժմ մի իրավիճակ է, երբ ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի անգամ մեկ օրվա ընթացքում, ուստի մեր պարտքն է ունենալ պահուստային սցենար՝ եղեռն թույլ չտալու:

Իսկ գուցե ՔՊ-ականների հույսը հենց Արցախից ռուսների դուրս գալն է, որ սուս-փուս այն տան թուրքին ու ազատեն իրենց դատարկ գլուխները թոհուբոհից. կյանքը վայելել է պետք, ի՞նչ Արցախ, ի՞նչ բան: