Մետրոյի բոլոր կայարաններում, օդանավակայանում, զինվորական ու քաղաքացիական կարևոր օբյեկտներում ռումբերի առկայության մասին ահազանգ է հնչել


20:24 , 2 օգոստոս, 2022

Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։