Արևմուտքը փորձում է նոր ճակատ բացել ՌԴ-ի դեմ՝ Մոսկվայի համար բարդացնելով ուկրիանական ճակատում ստեղծված վիճակը


17:46 , 1 օգոստոս, 2022

Հարված Մոսկվային՝ Բալկանների միջոցով

Բալկաններում իրավիճակը հետզհետե է՛լ ավելի պայթյունավտանգ է դառնում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ: Ավելին՝ Վուչիչը հավելել էր, որ Կոսովոյի ալբանական ջոկատներն արդեն շարժվել են դեպի Յարինե և Բռնյակի անցակետեր:

Մոսկվան արդեն հասցրել է հստակորեն հայտարարել, որ աջակցում է Սերբիային չճանաչված Կոսովոյի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում՝ առկա իրավիճակի պատասխանատվությունը դնելով Արևմուտքի վրա:

Բալկաններում ակնհայտորեն ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, ու չնայած դժվար կլինի ապրիորի պնդել, որ այն կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, սակայն միանշանակ է, որ հակամարտութունը սկսելու է նոր թափով ծխալ՝ ավելորդ գլխացավանքներ առաջացնելով Ռուսաստանի համար: Իրավիճակին նետված նույնիսկ ոչ խորաթափանց հայացքը բավական է՝ հասկանլու, թե իրականում ինչ է կատարվում Բալկաններում. Արևմուտքը փորձում է նոր ճակատ բացել ՌԴ-ի դեմ՝ Մոսկվայի համար բարդացնելով ուկրիանական ճակատում ստեղծված վիճակը, հավելյալ բեռներ դնելով Կրեմլի ուսերին՝ հույսով, որ ՌԴ-ն դրանց ծանրության տակ կճկռի: Ընդ որում՝ այդ ճակատը բացվելու է՝ անկախ այն բանից, թե դա կլինի թեժ ռազմաճակատ, թե՞ ռուսական ԱԳՆ-ի պրոֆեսիոնալիզմը փորձության ենթարկելու վայր:

Ընդ որում՝ հենց Բալկաններում ռուսներին փորձության ենթարկելու մղումը կարող է պայմանավորված լինել նաև Կովկասում ստեղծված իրավիճակով: Բացառված չէ, որ աշխարհագրության ընտրությունը հետևանք է Կովկասում իրավիճակը պայթեցնել չկարողանալու կամ այդ պայթյունը ավելի ուշ իրականացնելու վերաբեյալ հաշվարկների: Բոլոր դեպքերում բալկաններում տեղի ունեցողը ձեռնոց է՝ նետված Ռուսաստանին, որը կարող է ոչ միանշանակ ազդեցություն ունենալ նաև Կովկասում ստեղծված իրադրության վրա. գլխավոր հարցը լինելու է այն, թե Մոսկվան կնախընտրի թուրքերի բերանը ինչ-որ կերպ փակելու տարբերա՞կը, թե՞ դաշնակիցներին միանշանակորեն սատարելու ճանապարհը՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանով թուրքերին բավարարելու ռեսուրսը հետզհետե սպառվում է՝ Իրանի ակտիվ ջանքերի շնորհիվ: